11.05.2017   ՄԵԿՆԵԼ ԵՎ ՏԵՍԱԿՑԵԼ ԵՆ ԴԻՐՔԱՊԱՀ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

 

Մայիսյան եռատոնի միջոցառումների շրջանակում պետական, հասարակական կառույցների, ուսումնական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ մեկնեցին ՊԲ զորամասեր ու առաջնագիծ և հանդիպումներ ունեցան զինվորականների հետ: Ավանդական դարձած այդ  ձեռնակումներից անմաս չմնաց  նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի կոլեկտիվը այդպես արտահայտելով իր հարգանքն ու նվիրումը պաշտպանության բանակի, նրա շարքերում ծառայող հայ զինվորի նկատմամբ:

Եռատոնի նախօրյակին քաղաքապետարանի մի մեծ խումբ պատասխանատու աշխատողներ` փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանի, Արմեն Հակոբյանի ու աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանի մասնակցությամբ եղան դիրքերում, ծանոթացան մարտական ծառայություն իրականացնող զինվորների առօրյային, շփման գծում կիրառվող  դիտարկուն մեխանիզմներին ու նոր սարքավորումներին /հատկանշական է, որ պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Ասկերանի մատույցներում տեղադրված տանկ-հուշարձանին և Ն զորամասում` ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորների հիշատակին կառուցված հուշաքարին/:  Մի-մի բաժակ թեյի  սեղանի շուրջ  նրանք անկաշկանդ զրույց ունեցան տղաների  հետ, անդրադարձան <<բանակ-հասարակություն>>, <<Ազգ-բանակ>> կապերի ամրապնդմանը, մտքեր փոխանակեցին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից առաջարկված <<Պատիվ ունեմ>> ծրագրի վերաբերյալ:

Քաղաքապետարանի ներկայացուցիչները, բնականաբար, դատարկաձեռն չէին մեկնել առաջնագիծ ու զինվորների համար քաղցրավենիքներ և մթերքներ, առաջին անհրաժեշտության պարագաներ էին գնել ու հասցրել դիրքեր:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն