Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   488.68  դրամ
EUR   549.03  դրամ
RUB   7.21  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
14.12.2016   ԿԱՅԱՑԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ` 2016 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ

 

Դեկտեմբերի 14-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու` 2016թ.վերջին նիստը: Ու պատահական չէ, որ եզրափակիչում բավականին հագեցած էր նիստի օրակարգը, որում ներառվել էին 15-ից ավելի որոշման նախագծեր:

Ավագանին սահմանեց քաղաքային համայնքի 2017թ. տեղական տուրքերի և վճարների  դրույքաչափերը, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարները և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը: Քննարկման ներկայացնելով նախագիծը, քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը որոշ պարզաբանումներ արեց սկզբունքային նշանակության հարցերի շուրջ` հիմնավորելով  առաջարկվող դրույքաչափերը, որոնք նախորդ տարվա համեմատ գրեթե անփոփոխ են մնացել:

2016թ. չորրորդ  եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով, նիստում որոշում կայացվեց քաղաքային համայնքի ավագանու անդամներին` համայնքի բյուջեի պահուստային  ֆոնդից 450 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ:

Ավագանին որոշեց` անհատույց օգտագործման իրավունքով  ոստիկանության հենակետ ստեղծելու համար, կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանությանը տրամադրել քաղաքային համայնքին պատկանող Ստեփանակերտի Խ.Աբովյան փողոցի հ.2ա/32 հասցեում գտնվող առևտրի սրահը և նույն փողոցի հ.2ա/38 հասցեում տեղակայված ավտոտնակը: Հաշվի առնելով <<Գնումների աջակցման կենտրոն>> ՊՈԱԿ տնօրեն Լ.Ոսկանյանի` Վ.Սարգսյան փողոցի հ.25 շենքից վարձակալության իրավունքով լրացուցիչ ոչ բնակելի տարածքի հատկացման վերաբերյալ նամակը, քաղաքային համայնքի ավագանին բավարարեց խնդրանքը և թույլատրեց,  վարձակալության իրավունքով,  180.0 քառ.մետր  մակերեսով ոչ բնակելի տարածք տրամադրել`գրասենյակ օգտագործելու համար: Մեկ այլ որոշմամբ ավագանին իր համաձայնությունը տվեց նույն շենքից գրասենյակ օգտագործելու նպատակով,դարձյալ վարձակալության իրավունքով,  22.92 քառ.մետր մակերեսով  ոչ բնակելի տարածքը հատկացնելու մասին խնդրանքին:

Հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածը, կառավարության 2014թ.հուլիսի 30-ի <<Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հատկացնելու մասին>> որոշումը, ինչպես նաև  հաշվի առնելով Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական պաշտպանության  և առողջապահության  բաժնի 2016թ. դեկտեմբերի 2-ի` բնակարանային պայմանների ուսումնասիրության ակտը և եզրակացությունը, քաղաքային համայնքի ավագանին որոշեց` առանց ծնողական խնամքի մնացած Կարեն Համբարձումյանին և Տաթևիկ Հակոբյանին հաշվառել որպես բնակարանի կարիք ունեցողներ:

Քաղաքային համայնքի ավագանին ուժը կորցրած ճանաչեց քաղաքային համայնքի ավագանու 2009թ. մայիսի 22-ի <<Բնակելի շենքի նկուղային հարկից բնակիչներին որպես նկուղ օգտագործելու նպատակով  ոչ բնակելի տարածքներ վարձակալության հատկացնելու մասին>> որոշման 2-րդ կետը: Ավագանին միաժամանակ որոշեց  քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող ոչ բնակելի տարածքները ուղղակի  վաճառքի ձևով օտարել վարձակալներին:

Ամփոփելով նիստի աշխատանքները, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ ավագանու անդամների կողմից բարձրացված այն խնդիրներին, որոնք մասնավորապես վերաբերում են մայրաքաղաքի կենսաապահովման առաջնահերթություններին, տեղական տուրքերի և վարձավճարների հավաքագրմանը, այլ հարցերի:

Վերջում Ս.Գրիգորյանը քաղաքապետարանի անունից ներկաներին շնորհավորեց գալիք Ամանորի կապակցությամբ և մաղթեց խաղաղություն, ամենայն բարիք:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն