19.06.2012   ՍՏԵՂԾՎԵԼ Է ՆՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին, Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին, Բաժնետիրական ընկերությունների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 21-ի N 526 որոշմամբ սահմանված դրույթներով, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել քաղաքապետարանի ենթակայությանը հանձնված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական և ընթացիկ գործունեությունը վերահսկելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին:

Հանձնաժողովի կազմը գլխավորում է քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը: Հանձնաժողովում ընդգրկված են Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-բյուջետային, զարգացման ծրագրերի, քաղաքային տեսչության եկամուտների, քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության, իրավաբանական բաժինների պետերը, քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության ծառայության առաջատար մասնագետը:

Հանձնաժողովին հանձնարարված է յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող ամսվա 15-ից սկսած (սահմանված ժամանակացույցին համապատասխան), ստուգել կազմակերպությունների ու ընկերությունների ֆինանսատնտեսական և ընթացիկ գործունեությունը, կազմել ստուգման մասին ակտ և ներկայացնել քաղաքապետին, յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտին հաջորդող ամսվա 2-րդ տասնօրյակից սկսած /ըստ սահմանված ժամանակացույցի/, ստուգել կազմակերպությունների ու ընկերությունների ֆինանսատնտեսական և ընթացիկ գործունեությունը, կազմել ստուգման մասին ակտ և այն ներկայացնել քաղաքապետին:

Քաղաքապետի որոշմամբ հաստատված է քաղաքապետարանի ենթակայությանը հանձնված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական և ընթացիկ եռամսյակային գործունեության ստուգման ժամանակացույցը: