18.11.2016 ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Նոյեմբերի 18-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի պատվիրակությանը, որի կազմում են շրջանի կրթության բաժնի պետ Իննա Դավթյանը, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մարտիրոս Գրիգորյանը, այլ պատասխանատուներ: Քաղաքապետը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է Երևանի ու Ստեփանակերտի, Երևանի վարչական շրջանների ու Ստեփանակերտի միջև հաստատված բարեկամությանը, ամենատարբեր ոլորտներում հաջողությամբ իրականացվող համագործակցությանը և ծրագրերին, բարձր գնահատել Երևանի քաղաքպետ Տարոն Մարգարյանի անձնական ներդրումը` լավագույն ավանդույթների ձևավորման և զարգացման, մշտական աջակցության խնդրում: <<Յուրաքանչյուր այց ուրախացնում է մեզ, ավելի անմիջական դարձնում հարաբերությունները, նպաստում կապերի ամրապնդմանը, ծնունդ են առնում նոր մտահղացումներ ու ծրագրեր, ավելի է ամրապնդվում կողմերի միջև բարեկամությունը, ինչը, իմ խորին համոզմամբ, ամենանշանակալի ձեռքբերումն է>>,- նշել է քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և քաղաքապետին փոխանցել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի բարեմաղթանքները: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը:
* * * Հյուրերը նույն օրն այցելել են Մուրացանի անվան քաղաքային գրադարան և գրքեր նվիրել: Պատվիրակության անդամները հյուրընկալվել են նաև Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում, ունկնդրել կրթօջախի սաների պատրաստած ելույթները: Վաղը պատվիրակության անդամները, այցի շրջանակում, հանդիպումներ կունենան ՊԲ Ն զորամասում, կլինեն <<Մոր և մանկան հանրապետական կենտրոնում>> և նորածիններին նվերներ կհանձնեն:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |