Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.13  դրամ
EUR   525.98  դրամ
RUB   7.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
15.05.2012   ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ ԵՌԱՏՈՆԻՆ

Մեծ հաղթանակի 67-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին էին նվիրված Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից կազմակերպված սպորտային միջոցառումները, որոնց մեկնարկը տրվեց Ստեփան Շահումյանի անունը կրող զբոսայգում:

Փոխանցումավազքը սկիզբ առավ Հուշահամալիրից, որին մասնակցեցին քաղաքի 10 դպրոցների ներկայացուցիչները: Առաջին մրցանակային տեղը գրավեց 3-րդ, երկրորդ տեղը` 7-րդ, իսկ երրորդ տեղը` 9-րդ դպրոցի թիմը:

 Այնուհետև, հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի ձյուդո և թաեքվոնդո մարզաձևերի սաները հանդես եկան ցուցադրական ելույթով: Թաեքվոնդոյի մարզիչ Արա Մկրտչյանի հավաստմամբ, այս մարտարվեստի ցուցադրումը, որը սովորեցնում է  լինել ուժեղ, ունենալ մարտական ու հաղթական ոգի կդառնա ավանդույթ:

 Վերջում ձյուդոյի` 15, թաեքվոնդոյի` թվով 17 մարզիկները, փոխանցումավազքում հաղթած 3 թիմերն ու նրանց ներկայացուցիչները պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով:

 Նույն օրը` Անդրանիկի փողոցի մարզադաշտում, տեղի ունեցան մրցումներ` մարզական ընտանիքների միջև: Մրցումների անցկացումը բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության, ազգային մարզաձևերի և ժողովրդական խաղերի զարգացման նպատակին էր միտված:Արդյունքում մրցանակային առաջին տեղը զբաղեցրեց Մելքումյանների, իսկ երկրորդ տեղը` Գալստյանների ընտանիքը: Երկու ընտանիքներն էլ պարգևատրվեցին պատվոգրերով ու հուշանվերներով:

 Այնուհետև, մայրաքաղաքի տարբեր աշխատախմբերի միջև տեղի ունեցավ մինի-ֆուտբոլի մրցույթ: Տեղացած հորդառատ անձրևը չխանգարեց խաղին:

 Մասնակիցները խաղում էին ոգևորված, նվիրվածությամբ: Այստեղ առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Ռեզոն, երկրորդ տեղը` Ավտոկոմբինատի, երրորդ տեղը` Ղարաբաղ-Տելեկոմ ՓԲԸ-ի, իսկ չորրորդ տեղը` ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության թիմը: 4 թիմերի անդամներն էլ Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից արժանացան պատվոգրերի: