Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.18  դրամ
EUR   528.61  դրամ
RUB   7.41  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
23.09.2016   ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Պարգևների արժանացան լավագույնները

Քաղաքի օրվան էր նվիրված քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացած հանդիսավոր արարողությունը, որը առիթ էր ևս մեկ անգամ արժևորելու տոնը և գնահատելու մարդկանց բոլորանվեր աշխատանքը:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով  նրանց հիշարժան իրադարձության կապակցությամբ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, թե նման տոներն առիթ են հետադարձ հայացք ձգելու անցած ճանապարհին և վերարժևորելու այն:

Անդրադառնալով արցախյան ազատամարտում ստեփանակերտցիների ունեցած ավանդին, Ս.Գրիգորյանը մասնավորապես ասաց. <<1988-ի Արցախյան ազգային-ազատագրական շարժումը մեր ժողովրդի համար հոգևոր զարթոնքի սկիզբը հանդիսացավ: Ստեփանակերտը, որպես հարազատ օջախ, իր տանիքի տակ առավ ազատության համար պայքարի ելած զավակներին, դառնալով ոչ միայն գլխավոր հավաքատեղի, այլև ռազմական իրադրության հետ կապված գործընթացների համակարգող կենտրոնակայան: Հատկանշական է, պատմական ու քաղաքական նշանակություն ունեցող բոլոր որոշումները կայացվել են Ստեփանակերտում: Այս տեսանկյունից անգնահատելի է մայրաքաղաքի դերը` թշնամու դեմ մարդկանց ուժերն համախմբելու և պայքարելու գործում: Այդ միասնականությունը դրսևորվեց նաև ապրիլյան ողբերգական իրադարձությունների ժամանակ, երբ կրկին վտանգվել էր Արցախի ճակատագիրը և արժանի հակահարված հասցվեց հակառակորդին>>:

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր խոսքում անդրադարձավ նաև մերօրյա Ստեփանակերտին: Վերջին տարիներին շինարարական-վերականգնողական լայնածավալ աշխատանքների շնորհիվ անճանաչելիորեն փոխվել է քաղաքը, դարձել գեղեցիկ և հրապուրիչ: <<Երկրի իշխանությունների աջակցությամբ մենք ականատեսն ենք այն գործընթացների, որոնք կապիտալ շինարարության մասով իրականացվում են ամենատարբեր ոլորտներում: Դրանք մասնավորապես վերաբերում են բնակարանաշինությանն ու դպրոցաշինությանը, փողոցների և զբոսայգիների, բազմաբնակարան շենքերի բակերի վերակառուցմանն ու հիմնանորոգմանը, առողջապահական հաստատությունների ընդլայնմանը, որոնք ոչ միայն կենսական, այլ ռազմավարական մեծ նշանակություն ունեն: Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է մնում ծայրամասային փողոցների և թաղամասերի բարեկարգումն ու արտաքին լուսավորման, քաղաքի սանիտարական մաքրության բարելավման ու կանաչ տարածքների ընդարձակման խնդիրը>>, - նշեց քաղաքապետը:

Կարևորելով հիմնարկ-ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունը` կենսական խնդիրների լուծման բնագավառում, պարոն Գրիգորյանը, շնորհակալական խոսքեր ուղղեց դահլիճում ներկա գտնվող այն անձանց, որոնց տքնաջան աշխատանքով է նաև պայմանավորված մայրաքաղաքի սանիտարական մաքրությունն ու կանաչ տարածքների ընդլայնումն ու պահպանումը, կենսաապահովմանն առնչվող խնդիրների լուծումը: <<Ստեփանակերտը մեր երկրի այցեքարտն է: Հետևաբար, բոլորս պիտի ձգտենք, որպեսզի մեր քաղաքը լինի մաքուր, ավելի գեղեցիկ և ներդաշնակ, - ասաց նա: - Չէ որ Արցախ ժամանող հյուրերի, զբոսաշրջիկների մոտ երկրի հանդեպ առաջին տպավորությունը ձևավորվում է Ստեփանակերտում>>: Նա համոզմունք հայտնեց, որ այսուհետ ևս ստեփանակերտցիներն իրենց արժանի ավանդը կբերեն երկրի մայրաքաղաքի զարգացմանը, առավել պատասխանատվությամբ և նվիրումով կկատարեն իրենց պարտականությունները:

Այնուհետ քաղաքապետ Ս.Գրիգորյանն անբասիր աշխատանքի, մայրաքաղաքին մատուցած ծառայությունների համար և Ստեփանակերտի օրվա կապակցությամբ, հիմնարկ-ձեռնարկությունների, ընկերությունների և կազմակերպությունների մի խումբ աշխատողների պարգևատրեց պատվոգրերով և արժեքավոր նվերներով, նորանոր հաջողություններ մաղթեց նրանց:

Հանդիպմանը բարձր գնահատանքի և ուշադիր վերաբերմունքի համար քաղաքապետին շնորհակալական  խոսքեր ուղղեցին հ. 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Ծովինար Առստամյանը և հ. 2 պետական մանկապարտեզի փոխտնօրեն Վեսմիրա Գաբրիելյանը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը, այլ պատասխանատուներ:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն