05.05.2012   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ`

Մայիսյան եռատոնի խորհուրդը յուրովի է ընկալում հետպատերազմյան սերունդը, որն ավագներից է լսել արցախյան շարժման, Ադրբեջանի կողմից սանձազերծած դաժան պատերազմի մասին, պատկերացում կազմել տեսաժապավեններից և գրքերից:

 Ու այսօր նա փորձում է արժևորել պապերի և հայրերի հերթական սխրանքը, գնահատանքի արժանացնել գոյապայքարում ավանդ ներդրած շարժման առաջնորդներին, ազատամարտի մասնակիցներին,հավերժացնել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը: Անկեղծ խոստովանության համար առիթ հանդիսացավ ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից դպրոցականների միջև “Սիրում եմ քեզ, Հայրենիք” և “20-ամյա հաղթանակի բերկրանքը” թեմաներով հայտարարված ստեղծագործական հանրապետական մրցույթը: Շարադրություններին իրենց մասնակցությունը բերեցին նաև մայրաքաղաքի դպրոցների աշակերտները: Նրանցից 13-ի աշխատանքները լավագույններից ճանաչեց հանձնախումբը` արժանացնելով մրցանակների:

 Դրվատանքի արժանի երևույթը դուրս չմնաց նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի ուշադրությունից: Մրցույթում հաղթողներին և նրանց մայրենիի ուսուցիչներին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անձամբ էր որոշել հանդիպել: Այդ առիթով հյուրընկալելով և շնորհավորելով մայիսյան եռատոնի ու հանրապետական մրցույթում` առաջին և երկրորդ տեղեր գրավողներին, պարոն Գրիգորյանը կարևորելով մատաղ սերնդի առաքելությունը` հայրենասիրական ոգով կրթվելու, դաստիարակվելու, ստեղծագործական ընդունակությունները արժանապատվորեն դրսևորելու գործում, նրանց երջանկություն, խաղաղություն և նորանոր հանջողություններ մաղթեց:

 Քաղաքապետի համոզմամբ, պաշտպանության բանակի հերոսության, մեր ժողովրդի միասնության և զորեղ կամքի, հայրենիքի նկատմամբ դրսևորած անսահման սիրո շնորհիվ հնարավոր եղավ ազատագրել Շուշին և նորանոր հաղթանակներ տոնել: Այդ նվաճումների համատեքստում Ս.Գրիգորյանը կարևորեց և ստեփանակերտցիների մեծ ավանդը: “Չնայած քաղաքն օր ու գիշեր հրետակոծվում, ռմբահարվում էր թշնամու կողմից, սակայն ոչ ոք չէր մտածում Ստեփանակերտը լքելու մասին”:

 Վերջում քաղաքապետը մրցույթում աչքի ընկած դպրոցականներին և մայրենիի ուսուցիչներին վերստին շնորհավորելով Մեծ հաղթանակի, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, հանդիսավոր պայմաններում նրանց հանձնեց պատվոգրեր և հուշանվերներ: