Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.48  դրամ
EUR   535.52  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
25.08.2016   ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՆՑԱԾ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ, ՆԱԽԱՆՇՎԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

 

2015-2016 ուսումնական տարվա արդյունքները և 2016-2017 ուսումնական տարում` որակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ մանկավարժական կոլեկտիվների անելիքներն ու խնդիրներն են քննության առնվել Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հրավիրված ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունում, որին ներկա էին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը, այլ պաշտոնյաներ:

Ներկաների առաջ հանդես գալով զեկուցմամբ, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը մասնավորապես նշեց, որ մայրաքաղաքի նախադպրոցական ու արտադպրոցական հիմնարկների տնօրինությունների և մանկավարժական կոլեկտիվների հետ հաշվետու ժամանակաշրջանում համապատասխան աշխատանքներ են տարվել 2015-2016 ուսումնական տարին կազմակերպված անցկացնելու, հիմնարկների բնականոն գործունեությունն ապահովելու, սովորողների կրթությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործընթացը կատարելագործելու, դասի և ուսումնական պարապմունքների մյուս ձևերի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Քայլեր են ձեռնարկվել կրթական համակարգը հասարակական և տնտեսական զարգացման համաշխարհային նորմերին ինտեգրվելու համար` բարեփոխումների առանցքում ունենալով կրթության որակի, համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման, հաստատությունների նյութատեխնիկական բազան հարստացնելու և նոր տեխնոլոգիաների ներդրման քաղաքականությունը:

Անցած ուսումնականում մայրաքաղաքում գործել են հանրակրթություն իրականացնող 9 հիմնական, 1 միջնակարգ, 2 ավագ, 1 հատուկ /ֆիզմաթ/, 1 ռազմամարզական վարժարան, 1 մասնագիտական /պարարվեստի քոլեջ/ հաստատություններ` 302 լրակազմ դասարանով /նախկին ուսումնականի 296-ի փոխարեն/, 7371 աշակերտի ընդգրկմամբ /նախկին 6891-ի փոխարեն/: Միաժամանակ իրենց գործունեությունն են իրականացրել թվով 6 նախադպրոցական հիմնարկներ` 37 խմբով և 1537 երեխայի ընդգրկմամբ, մեկ մանկական ստեղծագործական կենտրոն /100 խմբով` 1225 երեխայի ընդգրկմամբ/ մարզադպրոց` 45 խմբով և 595 երեխայի ընդգրկմամբ: Նախադպրոցական տարիքի երեխաներին դպրոցին նախապատրաստելու նպատակով 2015-2016 ուսումնական տարում գործել է նախադպրոցական 31 խումբ, որից 8 խումբը` 236 երեխայի ընդգրկմամբ, 9-ժամյա մանկապարտեզային ռեժիմով /հհ. 2, 9, 10 դպրոցներում/ և 23 խումբ` 630 երեխայի ընդգրկմամբ, 6-ժամյա ռեժիմով /հհ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 10, 12 դպրոցներում/: ԳԹԿ-ի կողմից հետազոտության են ենթարկվել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների կրության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 115 երեխաներ, արդյունքում` 20 աշակերտի հետ ուսուցումը կազմակերպվել է անհատական ծրագրով` տնային պայմաններում, 95 աշակերտ ներառվել է մասսայական դասարաններում, իսկ 9 աշակերտ ընդգրկվել է հ. 9 դպրոցում գործող խուլ-համրերի դասարաններում: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 95 երեխայի ուսուցման գործընթացը կազմակերպվել է հհ1, 2 և 9 հիմնական դպրոցներում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեցտարի ավելանում է հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների թիվը, խտության թեթևացման նպատակով, Կ.Մարգարյանն առաջարկեց հհ. 1, 2 և 9 հիմնական դպրոցներից բացի, ևս երկու դպրոցներում նոր ուսումնականից իրականացնել ներառական կրթություն:

Քաղաքապետարանի պատասխանատուն գոհունակությամբ արձանագրեց, որ փոխադրական դասարաններում նախորդ ուսումնականի 623-ի փոխարեն ուսումնական տարին գերազանց գնահատականներով ավարտել են 823 աշակերտներ` արժանանալով գերազանցության գովասանագրերի: Ավարտական 9-րդ դասարանների 687 աշակերտներից քննությունների առաջին փուլի արդյունքներով 674-ին տրվել է 9-ամյա /հիմնական/ կրության վկայական: 12-րդ դասարանի 533 շրջանավարտներից քննությունների առաջին փուլի արդյունքով միջնակարգ կրության ատեստատ է տրվել 497 շրջանավարտների:

Անդրադառնալով առարկայական օլիմպիադաների արդյունքներին, Կ.Մարգարյանը նշեց, որ 2015-2016 ուսումնական տարվա օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել է հանրակրթական դպրոցների թվով 465 աշակերտ, որից 151-ին իրավունք վերապահվել մասնակցելու նաև հանրապետական փուլին: Հանրապետականի արդյունքերով մրցանակային տեղեր են գրավել 36 աշակերտներ: Ուշագրավ է այն հանգամանքը, որ օլիմպիադայի քաղաքային և հանրապետական փուլերի արդյունքների ամփոփումից հետո,  այս տարի նույնպես առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում հաղթած և դիպլոմների ու գովասանագրերի արժանացած թվով 17 դպրոցականներ խրախուսվեցին ԼՂՀ Նախագահի կողմից:

Մայրաքաղաքի դպրոցականները հաշվետու ժամանակահատվածում հաջողություններ են գրանցել նաև <<Ռուսական արջուկ>>, <<Կենգուրու>> և <<Մեղու>> միջազգային մրցույքներում: Արդյունքների վիճակագրությունը վկայում է, որ տարեցտարի աճում է մասնակիցների թիվը, աճում վաստակած միջին միավորը:

Խորհրդաժողովում Կառլեն Մարգարյանն անդրադարձավ տեսչական ստուգումների և դասալսումների, <<Տարվա լավագույն տնօրեն>>, <<Տարվա լավագույն ուսուցիչ>>, <<Տարվա լավագույն դաստիարակ>> մրցույթների, ուսուցիչների ատեստացիայի արդյունքներին: Նա չշրջանցեց նաև բացթողումները: Հանդիպմանը նախանշվել են համակարգի աշխատողների առաջիկա անելիքները:

Խորհրդակցությունում ելույթ է ունեցել ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն