Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.13  դրամ
EUR   525.98  դրամ
RUB   7.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
07.07.2016   ԿԱՅԱՑԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

Այսօր տեղի ունեցած Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստում, որ նախագահում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ներառված էին ամենատարբեր ուղղությունների շուրջ մեկ տասնյակ հարցեր:

Նիստում ավագանին որոշում կայացրեց քաղաքային համայնքի ավագանու անդամներին` 2016թ. երկրորդ եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով, համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 450 հազար դրամ գումար հատկացնելու մասին:

Ավագանին կողմ քվեարկեց քաղաքային համայնքի ավագանու նոր կանոնակարգն ընդունելու և 2001 թվականի թիվ 76 և 2004 թվականի թիվ 1 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ նախագծին: Կանոնակարգով կարգավորվում է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու գործունեությունը, նիստերի նախապատրաստումն ու անցկացումը, վերահսկողություն է սահմանվում քաղաքապետի կողմից լիազորությունների իրականացման նկատմամբ: Կանոնակարգով ամրագրվում են ավագանու անդամների իրավունքներն ու պարտականությունները և մյուս գործառույթները:

Քննարկումների արդյունքում ավագանին իր համաձայնությունը տվեց քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Ստեփանակերտի Մ.Գոշ փողոցի 1/6 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքն ուղղակի վաճառքի ձևով և Առաքելյան փողոցի հ. 1 շենքի /հանրակացարանի/ թվով 5 սենյակները` նվիրատվության կարգով օտարելու մասին որոշումներին: Ավագանու մեկ այլ որոշմամբ Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի թիվ 21 շենքի առաջին հարկից, վարձակալության իրավունքով, 16.44 քառ.մետր ոչ բնակելի տարածք տրամադրվեց` գրասենյակ  օգտագործելու նպատակով:

Նիստում ի գիտություն ընդունվեց նաև քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանի հաշվետվությունը` Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2016թ. բյուջեի 1-ին կիսամյակի կատարման մասին:

Անդրադառնալով հարցին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարզաբանման կարգով նշեց, որ սեփական եկամուտների նվազման միտումը, գլխավորապես պայմանավորված է ապրիլյան հայտնի դեպքերով: Հիշյալ իրադարձությունների հետևանքով ձգձգվել է մատուցված ծառայությունների դիմաց քաղաքացիներից` վարձավճարների գանձման և հարկերի հավաքագրման գործընթացը: Ֆինանսական միջոցների սղության պատճառով լիարժեք չեն իրականացվել նաև կապիտալ շինարարության մասով նախատեսված ծրագրերը: Քաղաքապետը հավելեց, որ համայնքային բյուջեի մուտքերի ապահովման գործընթացը վերահսկվում է իրավասու բաժինների կողմից և արդեն մի շարք եկամտահարկերի գծով շոշափելի առաջընթաց է նկատվում:

Վերջում ավագանու անդամների կողմից բարձրացվեցին կենսական նշանակության մի շարք հարցեր, որոնց ուսումնասիրման և լուծման ուղղությամբ քաղաքապետը խոստացավ կոնկրետ քայլեր ձեռնարկել:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն