24.06.2016   ՊԱՀԵՔ, ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՂԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՄԵԶ ՀԱՄԱՐ ԵՆ ՏՔՆՈՒՄ ԾԱՂԿԱԲՈՒՅԾՆԵՐԸ

 

Չնայած բնության քմահաճ եղանակի պատճառով առաջացած դժվարություններին, <<Ակադեմիկոս Թախթաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգի>> ընկերության ծաղկաբույծներն ու այգեգործները` տնօրեն Համլետ Դավթյանի գլխավորությամբ ջանք չեն խնայում մայրաքաղաքի կանաչ զանգվածներն ընդլայնելու և առավել գրավիչ դարձնելու համար:

Տևական հորդառատ անձրևներից խիստ տուժել են սիզամարգերում և պուրակներում աճեցվող ծաղիկները: Եվ ընկերության աշխատակիցները վաղ առավոտից մինչ երեկո տքնում են ծաղկանոցներում, ոռոգում և հոգատար խնամք տանում բույսերի նկատմամբ, շարքից դուրս եկած սածիլները փոխարինում նորերով, խոտհունձ կատարում, էտում և ձևավորում թփերն ու կանաչ տնկիները, ծառերից հեռացնում երթևեկությանը խոչընդոտող ճյուղերը:

<<Անցորդների տեսադաշտից, հավանաբար դուրս չի մնում ընկերության ծաղկաբույծների և այգեգործների այն բոլորանվեր աշխատանքը, որն ուղղված է սիրելի քաղաքի գեղեցկացմանն ու կանաչ տարածքների պահպանմանը: Նրանք ձգտում են, որպեսզի Ստեփանակերտն ավելի հրապուրիչ լինի, ծաղիկներն ու վարդերը մշտապես տարածեն իրենց բուրմունքը և հաճելի զգացումներ ունենանք քայլելիս, ավելի ուշադիր լինենք շրջապատի նկատմամբ և շատ սիրենք մեր քաղաքը, մեր տունը>>, - ասում է քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանը և անցորդներին հորդորում հարգել մարդկանց ազնիվ աշխատանքը, չտրորել սիզամարգերն ու ծաղկանոցները, աչքի լույսի պես պահել, պահպանել այդ արժեքները:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն