01.06.2016   ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏՈՆԸ

ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ ՄԵԾԵՐԻ ԽՈՐՀՐԴՈՎ ԵՎ <<ՀՈՐԴՈՐՈՎ>>…

 

Արցախում փոքրիկներն անգամ ավանդապահ են և, անկախ հանգամանքներից, նրանք առաջնորդվելով <<մեծերի խորհրդով ու հորդորով>>, երբեք չեն շրջանցում հիշարժան իրադարձությունները` հայտնվելով տոնական միջոցառումների <<կիզակետում>>…

Այսօր` կապված երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ, փոքրիկների տրամադրությունը չափավոր տոնական էր: Չնայած կազմակերպված միջոցառումների բազմազանությանը, այնուամենայնիվ, երեխաներն ինչ-որ տեղ <<զուսպ>> էին իրենց ձեռնարկումներում, նուրբ, զգուշավոր… Որպեսզի մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվող միջոցառումների ժամանակ թալիշցի ու մատաղիսցի երեխաներն իրենց ազատ ու անկաշկանդ զգան և լիարժեք վայելեն տոնը` մի պահ մոռացության տալով մտահոգություններն ու հոգսերը, կազմակերպիչները` քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության բաժնի պատասխանատուները` Կարինե Հարությունյանի գլխավորությամբ, ջանացել են ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին, մասնակից դարձնել գեղարվեստական խմբերի ելույթներին, գեղանկարների և լուսանկարների մրցույթներին և, նվերների հարցում ևս, շռայլ գտնվել նրանց նկատմամբ…

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների գլխավոր կենտրոնակայանը Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնն էր, որը հյուրընկալել էր հազարավոր փոքրիկների` ծնողների, հարազատների, ուսուցիչների և դաստիարակների ուղեկցությամբ: Ոմանք պարզապես նկարում էին ասֆալտի, մյուսները` վրձնահարում կտավների վրա, իսկ կենտրոնի մուտքի մոտ <<Արցախը` փոքրիկների հայացքով>> վերտառությամբ լուսանկարների ցուցահանդես էր բացվել: Թեման` ակնհայտ է: Այն գլխավորապես իր մեջ ներառում է ապրիլյան ողբերգական իրադարձությունները` տխուր հետևանքներով…

Մանկական հայտնի հեքիաթների հերոսների ողջույնից հետո իրար են հաջորդում ուրախ երգն ու պարը, հայրենասիրական թեմաներով արտասանությունները: Տոնական ծրագիրը, բնականաբար, եզրափակվում է միասնական շուրջպարով: Տոնակատարության ակտիվ մասնակիցները Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից պարգևատրվում են պատվոգրերով և հուշանվերներով: Խորհրդանշական օրվա կապակցությամբ փոքրիկներին անակնկալ էր մատուցել և <<Աշտարակ կաթ>> ընկերությունը` նրանցից յուրաքանչյուրին բաժին հանելով անուշահամ պաղպաղակներ:

Հատկանշական է, որ Արցախի երեխաների անունից նամակ է ուղարկվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ուր մասնավորապես ասվում է. <<Մենք գիտենք, որ Դուք երկրագնդի ամենագլխավոր անձնավորությունն եք, ով շատ է ձգտում, որպեսզի աշխարհում խաղաղություն լինի: Դրա համար էլ Ձեզ խնդրում ենք` ջանք ու եռանդ չխնայել տարածաշրջանում /մասնավորապես Արցախում/ խաղաղություն և կայունություն պահպանելու համար: Մենք ցանկանում ենք ապրել, ստեղծագործել և ուրախանալ, ինչպես աշխարհի մյուս երեխաները>>, - գրում են նամակի հեղինակները` համոզմունք հայտնելով, որ ՄԱԿ-ի ղեկավարը կլսի իրենց ձայնը: Վերջում նրանք նամակի հետ ծրարել և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին են ուղարկել Արցախի պետական դրոշը` ակնկալելով, որ <<այն մի օր կհայտնվի կենտրոնակայանի հարևանությամբ գտնվող մյուս երկրների դրոշների շարքում…>>

Տոնական միջոցառումներին ներկա էր Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն