Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.48  դրամ
EUR   535.52  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
22.04.2016   ԵՐԵՎԱՆ ՈՒՂԵՎՈՐՎԵՑԻՆ 11 ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐ

Նրանք կմասնակցեն Մեծ Եղեռնի  տարելիցի  միջոցառումներին

 

Շարունակվում է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի միջև համագործակցությունը`ամենատարբեր ոլորտներում: Հայոց Մեծ Եղեռնի 101-րդ  տարելիցի միջոցառումների  շրջանակներում, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Սբ.Մարիամ Աստվածածին եկեղեցում նախատեսվում է մկրտել թվով 101 սոցիալապես անապահով, արցախյան պատերազմի մասնակից-վետերանների և այլ սոցիալական խմբերի պատկանող ընտանիքների երեխաների:

Ծրագրվող միջոցառումներին և մկրտությանը Ստեփանակերտ քաղաքից մասնակից կդարձվեն 11 երեխաներ: Այցի շրջանակներում դպրոցականները կհաղորդակցվեն Երևանի կրթօջախների իրենց հասակակիցների հետ, կզբոսնեն Հայաստանի մայրաքաղաքի տեսարժան վայրերում: Մասնավորապես` ապրիլի 24-ին կայցելեն Մեծ Եղեռնի հուշահամալիր ու կմասնակցեն հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին, կայցելեն Մ.Մաշտոցի անվան Մատենադարան, Հովհ.Թումանյանի տուն-թանգարան, կհյուրընկալվեն Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի կրթօջախներում:

Ապրիլի 21-ին դպրոցականները Ստեփանակերտի քաղաքապետարանի բակից ուղևորվել են Երևան: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը բարի ճանապարհ մաղթելով երեխաներին, համոզմունք է հայտնել, որ յուրահատուկ ուխտագնացությունը կնպաստի նրանց աշխարհայացքի ընդլայնմանը և հոգևոր, հայրենասիրական դաստիարակությանը, երևանցի իրենց հասակակիցների հետ մերձեցմանը և բարեկամության կապերի ամրապնդմանը:

Դպրոցականներին բարի երթ է մաղթել նաև քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը:

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն