Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.62  դրամ
EUR   565.59  դրամ
RUB   7.22  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
18.02.2016   ԿԱՅԱՑԱՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձը, ինչը նոր էջ բացեց երկրի տարեգրության պատմության մեջ:

Տարին հոբելյանական է ու ենթադրվում է, որ անհրաժեշտ բոլոր քայլերը պիտի ձեռնարկվեն համաժողովրդական տոնը արժանապատվորեն նշելու համար: Երևույթի պատմական ու քաղաքական մեծ նշանակության մասին է վկայում ԼՂՀ նախագահի 2016թ. փետրվարի 9-ին ստորագրած <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության մասին>> հրամանագիրը, որի համաձայն ստեղծվել է տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողով:

Ելնելով վերոհիշյալ հրամանագրի պահանջներից, տոնական /հոբելյանական/ միջոցառումների կազմակերպման և համակարգման նպատակով, ինչպես հայտնի է, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել և հաստատվել է քաղաքային հանձնաժողովի կազմը:

Թե հիշարժան տոնի կապակցությամբ միջոցառումների ինչպիսի ծրագիր են առաջարկում ոլորտների պատասխանատուները, այդ մասին շահագրգիռ քննարկումներ ծավալվեցին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ փետրվարի 18-ին հրավիրված քաղաքային հանձնաժողովի անդրանիկ նիստում: Ներկաների ուշադրությունը հրավիրելով օրակարգում ներառված հարցերի վրա, քաղաքապետը նշեց, որ հանձնաժողովի անդամները մեծ պատասխանատվությամբ պիտի վերաբերվեն խնդրին և ձգտեն ուշագրավ առաջարկություններով հագեցնել հոբելյանական միջոցառումների ծրագիրը, փորձեն շուք հաղորդել տոնակատարությանը: Գաղտնիք չէ, որ տոնական միջոցառումների գլխավոր <<կենտրոնակայանը>> համարվում է մայրաքաղաքը, ուր մեծաթիվ պատվավոր հյուրեր են ժամանելու արտերկրից: Եվ <<Ստեփանակերտը բնականաբար, որպես Արցախի այցեքարտ, պիտի ընկալելի լինի բոլորի համար>>, ինչպես տոնական զարդարման, այնպես էլ բարեկարգման և սանիտարական պատշաճ մաքրության տեսանկյունից:

Հանձնաժողովի անդամների կողմից նիստում մի շարք արժեքավոր առաջարկություններ արվեցին տոնական միջոցառումների հստակեցման վերաբերյալ: Իր նկատառումները հայտնելով քննարկվող հարցի շուրջ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել ներկաներին:

Հանձնաժողովի հերթական նիստը կկայանա փետրվարի 24-ին:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն