Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.31  դրամ
EUR   528.00  դրամ
RUB   7.48  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
15.02.2016   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ 2015Թ. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ

Արտաքին աշխարհի համար շարունակելով մնալ յուրահատուկ այցեքարտ

 

Փետրվարի 15-ին 2015թ. գործունեության հաշվետվությամբ է հանդես եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ով ամփոփելով տարվա ձեռքբերումները և անդրադառնալով մայրաքաղաքի հիմնախնդիրներին, չի խուսափել բարձրաձայնել նաև բացթողումների մասին: Չխախտելով ավանդույթը, մի խումբ պաշտոնատար անձանց` ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանի, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի, էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանի  ուղեկցությամբ քննարկումներին անձամբ ներկայացել և հաշվետվությունն ունկնդրել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Սուրեն Գրիգորյանի հավաստմամբ, հաշվետու ժամանակաշրջանում քաղաքապետարանի կողմից իրականացվող գործունեությունն ուղղված է եղել բնակչության բարեկեցության բարելավման նպատակով համայնքային նշանակության հարցերի լուծմանը և համայնքի սեփականության տնօրինմանը: <<Ստեփանակերտը, որպես համայնք, բազմաշերտ փոխհարաբերությունների մեջ է պետական կառավարման մարմիններիև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների հետ, որը ապահովում է վերապահված լիազորությունների իրականացման արդյունավետությունը և ազդում է համակարգի զարգացման ընթացքի վրա, - նշեց քաղաքապետը: - Նպատակային ծրագրերի իրականացման շնորհիվ` այսօր երկրում ստեղծվում են տեղական ինքնակառավարման տնտեսական,  իրավական, ֆինանսական և կազմակերպական հիմքեր, որոնք թույլ են տալիս ապահովել համակարգի հետագա զարգացումն առավել առաջանցիկ տեմպերով>>:

Ըստ քաղաքապետի, 2015թ. Ստեփանակերտ մայրաքաղաքում պետական, համայնքային և բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացված կապիտալ ներդրումների ծրագրերի հիմնական ուղղություններն են հանդիսացել բնակարանաշինարարությունը և դպրոցաշինարարությունը, հասարակական և առողջապահական օբյեկտների շինարարությունը,  քաղաքի ենթակառուցվածքների զարգացումը, հրետակոծությունից տուժած և սոցիալապես անապահով խավերի տների ու բնակարանների վերանորոգումը, սանիտարական մաքրությունը, քաղաքի ճարտարապետական տեսքի բարելավումն  ու կանաչապատումը:

Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2015 թվականի տարեկան բյուջեի ընդհանուր մուտքերը կազմել են 1 մլրդ766 մլն913.0 հազ.դրամ: Ընդ որում,  մուտքերի 21.1%-ը կազմել են սեփական եկամուտները:Քաղաքային համայնքի 2015 թվականի տարեկան բյուջեի ծախսերը  ֆինանսավորվել  են 1մլրդ770մլն907.4 հազ.դրամի չափով, որը կազմում է պլանավորված 1մլրդ843մլն971.3 հազ. դրամի 96.0%-ը: Համայնքի ենթակայության կազմակերպությունները ֆինանսավորվել են  99.8 %-ով:

2015 թվականին  ընդունվել է քաղաքաշինության բնագավառին վերաբերող 345 որոշում: Շինարարության նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվել է թվով 360 թույլտվություն: Հրավիրվել է Ստեփանակերտի վարչական սահմաններում գտնվող ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակը որոշող հանձնաժողովի 11 նիստ, որտեղ քննարկվել է 87 հարց: Կայացել է Ստեփանակերտի քաղաքապետարանին կից գործող ճարտարապետական և քաղաքաշինական խորհրդի 8 նիստ, ուր քննության է առվել 50 հարց: 32 նախագիծ մերժվել է և ուղարկվել վերամշակման: Հատկանշական է, որ զգալիորեն խստացվել է նախագծերի փորձաքննության գործընթացը:

Ըստ զեկույցի 2015 թ. Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի և պետական բյուջեի հաշվին զգալի աշխատանքներ են կատարվել վերանորոգման, վերակառուցման և բարեկարգման ուղղությամբ: Մասնավորապես` իրականացվել են 82 մլն 498.8 հազ.դրամի չափով բազմաբնակարան շենքերի ճակատային մասերի հարդարման և երեսապատման, սալիկների վերականգնման աշխատանքներ: Միևնույն ժամանակ, ինչպես նշեց Ս.Գրիգորյանը, 2015թ. բնակարանային խնդիրը մայրաքաղաքում շարունակել է առաջնահերթ մնալ: Հաշվետու ժամանակաշրջանում հրավիրվել է քաղաքապետարանի` բնակարանային հարցերով հանձնաժողովի 4 նիստ: Հաշվառման ցուցակում ընդգրկվելու համար դիմում է ներկայացրել 38 քաղաքացի, որից 20-ը բավարարվել է, 18-ը` մերժվել: Կայացել է նաև քաղաքացիների հաշվառման և հաշվառումից հանելու հարցերով հանձնաժողովի 43 նիստ, որտեղ քննարկվել է 628 դիմում: Ոչ բնակելի տարածքի հատկացման վերաբերյալ ընդունվել է 11, ուժը կորցրած ճանաչելու մասին` 4 որոշում: Համայնքի ավագանու համաձայնությամբ սեփականաշնորհվել է 23 բնակարան, մասնավորեցվել` 5 օբյեկտ:

Ֆինանսական միջոցների սղության պատճառով 2015թ. մասնակի բավարարվել են բնակչության պահանջները` տների տանիքների վերանորոգման վերաբերյալ: <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> ՓԲԸ կողմից բազմաբնակարան շենքերում ընթացիկ վերանորոգման են ենթարկվել 325 բնակարանների տանիքներ: Անդրադառնալով չլուծված խնդիրներին, քաղաքապետն այդ համտեքստում մտահոգիչ համարեց նախկինում կառուցված կամ վերափոխված բազմաբնակարան շենքերի տանիքների վրա` ձյան պաշտպանիչ շերտերի բացակայությունը, <<ինչի պատճառով վտանգվում է մարդկանց շարժը բակերում>>: Գահավիժող ձյան ծանր շերտից վնասվում են  ենթակառուցվածքները, շարքից դուրս գալիս  լուսատուները, հեռախոսագծերը և այլն:

Հաշվետու ժամանակաշրջանում քաղաքապետարանը` քաղաքաշինության նախարարության հետ համատեղ մշակել և ձգտել է արդյունավետ իրականացնել <<Ձմեռ>> ծրագիրը: <<Մայրաքաղաքում ձմռան ամիսներին առատ ձյան պատճառով ակնկալվող դժվարությունները հաղթահարելու, արտակարգ իրավիճակների պայմաններում ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքներն առավել ներդաշնակ համակարգելու նպատակով, ստեղծվել է հանձնաժողով, որում քաղաքապետարանի աշխատակիցներից բացի, ընդգրկվել են նաև շինարարական, կոմունալ ծառայությունների, կենսաապահովման մի շարք այլ կազմակերպությունների պատասխանատուներ: Անհրաժեշտ քայլեր  են ձեռնարկվել ` փոխհամաձայնեցված և արդյունավետ գործելու, քաղաքի փողոցներն ու մայթերը, հրապարակները, հասարակական վայրերն առատ ձյան շերտերից հնարավորինս ազատելու, տրանսպորտի անխափան երթևեկությունն ապահովելու համար>>, - իրազեկեց Սուրեն Գրիգորյանը: Ծրագրի շրջանակներում <<Ջերմային տնտեսություն>> ՓԲ ընկերությանը նույնպես հաջողվել է ապահովել սպասարկվող կաթսայատների անխափան աշխատանքը:

2015թ. քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են գտնվել մայրաքաղաքի սանիտարական մաքրության և աղբահանման խնդիրները: Կենտրոնական աղբանոցում իրականացված արդյունավետ միջոցառումների շնորհիվ տարածքում իրավիճակը զգալիորեն բարելավվել է: Սանիտարական մաքրման և բարեկարգման է ենթարկվել աղբանոցի ողջ շրջապատը, տարիների ընթացքում կուտակված աղբը խտացվել և վնասազերծվել է, ծածկվել հողի հաստ շերտով, իրականացվել են վնասազերծման այլ աշխատանքներ: Քաղաքի տարբեր թաղամասերում կառուցվել են նոր և հիմնանորոգվել` թվով 10 աղբահարթակներ: Չխուսափելով արձանագրել և բացթողումները, պարոն Գրիգորյանը շեշտեց, որ հաջողությունների հետ մեկտեղ, կազմակերպությունում դեռևս չլուծված խնդիրներ կան: Քաղաքապետի համոզմամբ, հիմնարկության ավտոտնտեսությունը մասնավորապես թարմացման խիստ կարիք ունի:

Գաղտնիք չէ, որ <<Ջրմուղ կոյուղի>> ՓԲԸ հստակ գործունեությամբ է պայմանավորված քաղաքի ջրամատակարարման և կոյուղու ցանցերի սպասարկման ծառայության որակի բարելավումը, <<գործող անձրևընդունիչների անխափան աշխատունակությունը>>: Ուշագրավ է այն հանգամանքը, որ այսօր քաղաքի բնակչության գրեթե 100 տոկոսը ապահովված է շուրջօրյա ջրով: Ջրացանցի կառուցման աշխատանքները  կշարունակվեն Աջափնյակի և Կրկժան թաղամասի որոշ հատվածներում  ու ավարտին կհասցվեն  2016-ին: <<Բնակլիմայական պայմանների տեսանկյունից, չնայած տարին անբարենպաստ էր, չորային, այնուամենայնիվ, ընկերությանը հաջողվել է աննախադեպ երկարատև երաշտի պայմաններում ապահովել ջրի անխափան մատակարարումը բնակչությանը, - նշեց քաղաքապետը: -Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել շուրջօրյա ջրամատակարարման և կոյուղու ցանցերի վթարների վերացման ուղղությամբ` ինչպես ներքաղաքային ջրացանցում, այնպես էլ ներքաղաքային կոյուղու, բազմաբնակարան շենքերի կոյուղագծերի և ջրամատակարարման ներքին ցանցերում>>:

Տարին արդյունավետ է եղել և <<Ակադեմիկոս Թախթաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգի>> ՓԲԸ համար: Քաղաքի տարբեր փողոցներում ու թաղամասերում իրականացվել են  տարածքների սանիտարական մաքրման աշխատանքներ: 2015թ. նախորդ տարվա համեմատ կանաչ գոտիներն ընդլայնվել են ավելի քան 1600 քառ.մետրով:

Անդրադառնալով ուղևորափոխադրման խնդրին և ներքաղաքային տրանսպորտի գործունեությանը, Ս.Գրիգորյանը նշեց, որ դեռևս   լիարժեք   համալրված չէ մայրաքաղաքի ավտոբուսային /միկրոավտոբուսային/ հավաքակազմը: Հատկապես  շարունակում  է   ցածր   մնալ   հաշմանդամների տրանսպորտային սպասարկման մակարդակը: Քաղաքապետն ընդգծեց, թե իրավիճակի շտկման և կարգավորման գործում ակնկալում է էկոնոմիկայի նախարարության տրանսպորտային տեսչության կողմից վերահսկողության ուժեղացում` ոլորտում օրենսդրական պահանջների կատարման, հաստատված չվացուցակների ապահովման, երթուղու ուղեգծի ինքնակամ շեղումների բացառման, ավտովարորդների կողմից ուղևորների հանդեպ հարգալից վերաբերմունքի դրսևորման և անվտանգ սպասարկման ուղղությամբ: Ավտոտրանսպորտային միջոցների տարեկան տեխզննումը համարելով ճանապարհային անվտանգ երթևեկության ապահովման կարևոր պայմաններից մեկը, Ս.Գրիգորյանը բավարար չհամարեց այդ ուղղությամբ իրականացվող վերահսկողությունը: Ստեփանակերտ քաղաքում հաշվառված 9721 փոխադրամիջոցներից, ըստ տեխնիկական զննության կայանի տվյալների, 2015թ. զննություն է անցել 5624 փոխադրամիջոց: Քաղաքապետն աններելի համարեց, որ 4097 փոխադրամիջոց դեռ չի անցել տեխնիկական զննություն, ինչի արդյունքում` փաստացի վտանգվել է քաղաքի կանոնավոր երթևեկությունը: <<Միևնույն ժամանակ, պետական և համայնքային բյուջե չեն մուտքագրվել զգալի ֆինանսական միջոցներ>>, - ասաց նա:

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը գոհունակություն է հայտնել մայրաքաղաքներ Երևանի և Ստեփանակերտի միջև տարեցտարի ընդլայնվող համագործակցության վերաբերյալ: 2012թ. սեպտեմբերի 28-ին երկու մայրաքաղաքների քաղաքապետների կողմից ստորագրված համաձայնագրի շրջանակում բոլոր ուղղություններով ավելի են սերտանում կապերը: Ըստ որում` փոխգործակցությունը չի սահմանափակվում երկու քաղաքապետարանների պատասխանատուների փոխայցելություններով և Ստեփանակերտի հետ ամուր կապեր են հաստատել նաև Երևանի վարչական բոլոր 12 շրջանները: Հստակ քայլեր են արվում գործընկերային հարաբերություններն առավել կայուն հիմքերի վրա դնելու համար: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտում շարունակվում  են <<Ազատամարտիկների այգու>> հիմնադրման և Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: <<Բարեկամության հետագա ամրապնդմանն, անշուշտ, նոր լիցք կհաղորդի երկու քաղաքապետարանների միջև անցյալ տարվա աշնանը Երևանում ստորագրված 2015-2020թթ. համագործակցության ծրագիրը, ինչը լայն հեռանկարներ է խոստանում>>, - համոզմունք հայտնեց Ս.Գրիգորյանը: Նրա խոսքով, կապերի ամրապնդման և խորացման ուղղությամբ գործուն քայլեր են ակնկալվում նաև Ստեփանակերտի և Կալիֆոռնիայի նահանգի Մոնթեբելլո,Ֆրանսիայի Վալանս քաղաքների միջև սկզբնավորված համագործակցության շրջանակում:

Հանդես գալով ընդարձակ ելույթով և անդրադառնալով Ստեփանակերտի հիմնախնդիրներին, երկրի ղեկավարը դրական է որակել կատարված աշխատանքների ծավալներն ու տեղաշարժերը` ամենատարբեր ոլորտներում, մասնավորապես քաղաքային տնտեսության անխափան գործունեությունն ապահովող կառույցներում և ստորաբաժանումներում, կենսաապահովման ոլորտում: Բակո Սահակյանը նշել է, որ այսուհետ ևս պետությունը հատուկ ուշադրություն է դարձնելու մայրաքաղաքի բարգավաճմանն ու մշտապես հետամուտ է լինելու նրա առջև ծառացած խնդիրների լուծմանը: Հանրապետության ղեկավարը հավելել է, որ Ստեփանակերտն արտաքին աշխարհի համար յուրահատուկ այցեքարտ է հանդիսանում և իշխանությունների կողմից ամեն ինչ կարվի ստեղծված արժեքներն ու ավանդույթները զարգացնելու և պահպանելու, սերունդներին փոխանցելու համար: ԼՂՀ նախագահը կանգ է առել նաև հասարակական հնչեղություն ունեցող մի շարք հարցերի վրա, դրանց լուծման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն