Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   485.12  դրամ
EUR   549.84  դրամ
RUB   7.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
22.01.2016   ՍՏԵՓԱՆԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ` ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ


ՕՐԱԿԱՐԳՈՒՄ`  2015թ. ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ 2016թ.ԲՅՈՒՋԵՆ

 

Հունվարի 21-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ կայացավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու` նոր տարվա անդրանիկ նիստը: Օրակարգում, ի թիվս մի շարք նախագծերի, ներառված էին Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2015թ. բյուջեի կատարման հաշվետվությունը և քաղաքային համայնքի 2016թ. բյուջեն, որոնց վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:

Ըստ բանախոսի, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2015թ.տարեկան բյուջեի ընդհանուր մուտքերը կազմել են 1766912.9 հազ.դրամ (նախատեսված 1833037.6 հազ.դրամ գումարի 96.4%-ը): Ըստ որում, ընդհանուր մուտքերի 21.1%-ը կազմել են սեփական եկամուտները: 408697.3 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 373300.3 հազ.դրամ (կատարողականը կազմում է  91.3%): Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 98067.7 հազար, հողի հարկից գանձվող մուտքերը` 10348.8 հազ.դրամ: Փոխադրամիջոցներից մուտքագրվել է 128002.7 հազ.դրամի գույքահարկ, որը կազմում է պլանավորված 140000.0 հազ.դրամի 91.4%-ը: Նախորդ տարվա համեմատ այն աճել է 6106.0 հազ.դրամի չափով կամ 5%-ով:

Համայնքի բյուջեի ընդհանուր եկամուտների 78.9%-ը կազմել են պետական բյուջեից տրամադրվող պաշտոնական դրամաշնորհները: 2015թ. տարեկան բյուջեի պլանավորված դոտացիայի և սուբվենցիայի գումարները կազմել են 1424340.3 հազ.դրամ, որից հատկացվել է 1393612.6 հազ.դրամ: <<Այլ եկամուտների>> մասով մուտքագրվել է  57387.1 հազ.դրամ կամ կատարողականը կազմել է 111.4%: Հողերի վարձակալության գծով պլանավորված 8500.0 հազ.դրամի դիմաց համայնքայի բյուջեի եկամուտները կազմել են 11718.1  հազ.դրամ (կատարողականը կազմել է 137.9%): Գույքի վարձակալությունից եկամուտների կատարողականը կազմել է 114.7%  իսկ  հողամասերի կառուցապատման իրավունքի  դիմաց գանձվող վարձավճարների մուտքերը` 5296 հազ.դրամ (կատարողականը` 105.9%): Վարչական գանձումներից ստացվող մուտքերն ապահովվել են 127.6%-ով:

Քաղաքային համայնքի 2015թ. տարեկան բյուջեի ծախսերը  ֆինանսավորվել են 1770907.4   հազ.դրամի չափով, որը կազմում է պլանավորված 1843971.3  հազ.դրամի 96.0%-ը: Համայնքի ենթակայության կազմակերպությունների գծով նախատեսված 1308938.4 հազ.դրամի դիմաց ֆինանսավորվել է 1306366.1 հազ.դրամ:

Իր նկատառումները հայտնելով ներկայացված հաշվետվության վերաբերյալ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը  բավարար չհամարեց կատարվածը` նշելով, թե  հնարավորությունների արդյունավետ օգտագործման դեպքում` արդյունքներն ավելի հուսադրող կլինեին: <<Այն իրողությունը, որ 7  հարկատեսակների գծով զգալի աճ է գրանցվել ու գերակատարվել են առաջադրանքները, գոհացնող հանգամանք է: Բայց որ 3 հարկատեսակների մասով թերացումներ ունենք և գանձումները նվազել են, դա լրջորեն խորհելու առիթ է տալիս,- նշեց քաղաքապետը: -Ինչ խոսք, գումարների նվազումը  գլխավորապես անբարեխիղճ  հարկատուների պարտավորությունների  թերացման  արդյունք է և այս ուղղությամբ վերահսկողությունը խստացնելու  անհրաժեշտություն կա: Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ  սեփական եկամուտների ապահովմամբ կարելի է լուծել  համայնքի առջև  ծառացած խնդիրները, որոնք մասնավորապես կապված են  մայրաքաղաքի բարեկարգման ու կենսական նշանակության մյուս հարցերի համակարգման հետ>>: Ընդգծելով, որ համայնքային բյուջեն մեծապես տուժում է նման կարգի թերացումներից, Ս.Գրիգորյանը հավելեց, թե անցյալ տարի Ստեփանակերտում հաշվառված 9700 ավտոմեքենաներից 4100-ը տեխնիկական  զննում չեն անցել և, բնականաբար,  կարգազանց վարորդների մեղքով, նախատեսված մուտքերը պետբյուջե չեն ապահովվել: Քաղաքապետը  նշեց, որ  խնդիրը մտահոգիչ է և այդ ուղղությամբ պիտի  լրացուցիչ քայլեր  ձեռնարկվեն: <<Բոլոր հարկատեսակների (մասնավորապես` եկամտահարկերի) հավաքագրման առումով, միանշանակ պիտի ապահովվեն մուտքերը, որպեսզի հնարավոր լինի ապահովել քաղաքի բնականոն կյանքը>>,- շեշտեց Սուրեն Գրիգորյանը:

Ավագանին ի գիտություն ընդունեց և հաստատեց 2015թ.բյուջեի կատարման հաշվետվությունը: Այնուհետև ավագանու քննարկմանը ներկայացվեց  քաղաքային համայնքի 2016թ. բյուջեն:

Համաձայն զեկույցի, 2016թ. Ստեփանակերտ քաղաքի զարգացման հիմնական ուղղությունները  միտված են լինելու մայրաքաղաքի բնակչության կենսապայմանների բարելավմանն ու հարմարավետ միջավայրի ձևավորմանը, մայր քաղաքի կառուցապատմանը, ենթակառուցվածքների  զարգացմանն ու քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը: Առաջնահերթությունների թվում կլինեն ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, սանմաքրման, բարեկարգման և կանաչապատման ծրագրերի արդյունավետ իրականացումը, բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգումը, խաղահրապարակների շինարարությունը, ինչպես նաև հենապատերի և աստիճանների վերանորոգումն ու կառուցումը, քաղաքի ենթակառուցվածքների  բարելավումը և զարգացումը, քաղաքի տարածքի համաչափ զարգացման ապահովումը,  բազմաբնակարան շենքերի մուտքերի և տանիքների վերանորոգումը, ինչպես նաև բնակարանային-կոմունալ պայմանների բարելավումը, սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը:

Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2016թ. բյուջեն եկամուտների գծով կանխատեսվում է  1 մլրդ 661 մլն 234  հազար դրամի, ծախսերի գծով`  1 մլրդ 668 մլն 173 հազար դրամի չափով: Դեֆիցիտը (պակասուրդը) կկազմի 6939.2 հազ.դրամ:

Քաղաքային համայնքի 2016թ.բյուջեի  նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1661234.3 հազ.դրամի չափով, ինչը 155823.4 հազ.դրամով կամ 10.4%-ով  ավել է  քաղաքի  2015թ. բյուջեի ծրագրված եկամուտներից: Հարկային եկամուտները և տուրքերը ծրագրվել են 357762.3 հազ.դրամի չափով, կամ 2015թ. համար հաստատված ցուցանիշից 565.0 հազ.դրամով ավել: Գույքային հարկերը նախատեսվել են 277262.3 հազ. դրամի, տեղական տուրքերը` 55000.0 հազ.դրամի, իսկ  համայնքի բյուջե վճարվող  պետական տուրքերը` 16500.0 հազ.դրամի չափով: Այլ եկամուտները ծրագրվել են 52000.0 հազ.դրամի չափով:

Քաղաքի 2016թ.բյուջեի նախագծով ծախսերի ծավալը նախատեսվել է 1668173.5 հազ.դրամի չափով: Ընդ որում, ծախսերի ամբողջ ծավալի 99.5 %-ը  բաժին է ընկնում  ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե): Ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերը կազմում են  115089.2 հազ.դրամ: Վարչական մասում նախատեսվել է պահուստային ֆոնդ` 119650.0 հազ.դրամի չափով, որը կազմում է վարչական եկամուտների  7.2 %-ը : Այդ գումարից 107650.0 հազ.դրամը նախագծով կուղղվի բյուջեի ֆոնդային մաս:

Շինարարության բնագավառում շենքերի և շինությունների կառուցման նպատակով ծախսերը նախատեսվում են 156939.2 հազ.դրամի, շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում` 800855.6 հազ. դրամի, կոմունալ ծառայությունների ոլորտում` 313000.0 հազ.դրամի չափով, որից շենքերի և կառույցների ընթացիկ նորոգմանն ու պահպանմանն է ուղղվելու  150000.0 հազ.դրամ, իսկ արտաքին լուսավորմանը` 163000.0 հազ.դրամ: Մշակույթի բնագավառին ուղղված ծախսերը կկազմեն 109354.8 հազ դրամ, իսկ  կրթության  բնագավառին հատկացվող գումարը` 254773.9 հազ.դրամ:

Քննարկումների արդյունքում` ավագանին հաստատեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2016թ.բյուջեն:

Հիմք ընդունելով <<Սանմաքրում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության, <<Ակադեմիկոս Թախթաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգի>> և  <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների գրությունները, ավագանին որոշեց Ստեփանակերտ քաղաքում 2015թ. դեկտեմբեր և 2016թ. հունվար ամիսներին տեղացած առատ ձյան մաքրման և տեղափոխման աշխատանքների  լրացուցիչ ծախսերը ֆինանսավորելու նպատակով Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2016թ. բյուջեի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածով նախատեսված միջոցներից <<Սանմաքրում>> համայնքային  ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնել 4500000 /չորս միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ, <<Ակադեմիկոս Թախթաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգի>>  փակ բաժնետիրական ընկերությանը` 499860 /չորս հարյուր իննսունինը հազար ութ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ: Ավագանին իր համաձայնությունը տվեց նաև <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> փակ բաժնետիրական ընկերության աշխատողների հետ վերջնահաշվարկ կատարելու նպատակով,  Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2016թ. բյուջեի <<Պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածով նախատեսված միջոցներից <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> փակ բաժնետիրական ընկերությանը 1843000 /մեկ միլիոն ութ հարյուր քառասուներեք հազար/ ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ նախագծին:

Նիստում  որոշումներ կայացվեցին նաև  համայնքի սեփականություն հանդիսացող  մի շարք բնակարաններ նվիրատվության կարգով օտարելու մասին:

Ամփոփելով նիստի աշխատանքը, քաղաքապետ Ս.Գրիգորյանն ավագանու անդամներին հորդորեց առաջարկություններ ներկայացնել` 2016թ. Ստեփանակերտ քաղաքի կապիտալ շինարարության ծրագրում առավել առաջնահերթ լուծում պահանջող հարցերը ներգրավելու համար:  

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն