07.12.2011   Ինքնակամ հրավառություններն արգելվում են

   Այսուհետեւ մայրաքաղաք Ստեփանակերտի տարածքում արգելվում են բոլոր կարգի հրավառությունները՝բացառությամբ հանրապետական եւ համաքաղաքային ինքնակառավարման մարմինների կողմից կազմակերպվող միջոցառումների։ Քննարկելով քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի առաջարկությունը, նոյեմբերի 12-ին կայացած նորընտիր ավագանու անդրանիկ նիստում նման որոշում են կայացրել ավագանու անդամները՝ խնդիրն իրավական դաշտում կարգավորելու նպատակով, այդ ենթատեքստում անխուսափելի համարելով օրենսդրական նախաձեռնություն հանդես բերելու պահանջը։
  Քննարկումների ժամանակ ներկաների ուշադրությունը սեւեռելով հարցի հրատապ լուծման «նախապայմաններին, նոր քաղաքապետը չթաքցրեց իր մտահոգությունը Ստեփանակերտում գրեթե ամեն օր անարգել հնչող «համազարկերի» վերաբերյալ, որոնք բնականաբար, հասարակության շրջանում արդարացի դժգոհությունների տեղիք են տալիս։ «Ցավոք, նման բնույթի ահազանգեր հաճախ ենք ստանում համաքաղաքացիներից,—ասաց Ս. Գրիգորյանը։—Հատկապես երեկոյան ուշ ժամերին ինքնակամ կազմակերպելով հրավառություններ, ոչ ոք չի գիտակցում, որ նման արարքով խանգարում է ոչ միայն մարդկանց հանգիստը, այլեւ սպառնում նրանց անվտանգությանը»,— նկատեց քաղաքապետը՝ հավելելով , որ չի կարելի շրջանցել այն իրողությունը, թե համապատասխան լիցենզիա չունենալով, ինչպես են ձեռք բերվում «հրավառության նյութերն»ու անարգել տեղափոխելով հասարակական վայրեր, համարձակ իրագործում ծրագրվածը։
  Ս.Գրիգորյանը «ինքնագործունեության»ճանապարհը փակելու համար կարեւորեց իրավապահ մարմինների ու հասարակական կառույցների հետ համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքերով , հանդիսության տների ու սրահների պատասխանատուները կնախազգուշացվեն, իսկ կարգը խախտելու դեպքում՝ կտուգանվեն։
   Նպատակ ունենալով աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու եւ ավագանուն վերապահված իրավունքները համակարգված իրականացնելու անհրաժեշտությունը, քաղաքապետի առաջարկությամբ որոշվեց ստեղծել մշտական գործող ֆինանսատանտեսկան, սոցիալ—կենցաղային, կրթական ու մշակութային հարցերով զբաղվող հանձնաժողովներ։ Ս. Գրիգորյանի համոզմամբ, ավագանու անդամներին մասնակից անելով մայրաքաղաքի հիմնախնդիրների լուծմանը, հիշյալ ձեռնարկումը կնպաստի ավագանու ինստիտուտի կայացմանը։ Անդրադառնալով վարձավճարների հավաքագրման գորընթացին, նիստում նշվեց, որ այդ ուղղությամբ անելիքները դեռ շատ են, ու համայնքային բյուջեի համալրման նպատակով, բացթողումները պիտի արագ վերացվեն։ Հատկապես մտահոգիչ է, որ Ստեփանակերտի «Ջրմուղ—կոյուղի» եւ «Սանմաքրում» տնտեսությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վարձավճարների հավաքագրման վիճակը շարունակում է դժգույն մնալ։ Եվ հորդորելով կառույցների պատասխանատուներին, քաղաքապետը հստակ քայլեր պահանջեց այդ ուղղությամբ։
   Նիստում նաեւ կազմակերպչական հարց քննարկվեց։ Ավագանու համաձայնությամբ, «Ստեփանակերտի համայնքային ծառայություն» ՓԲԸ տնօրեն նշանակվեց Ալբերտ Մեսրոպյանը։