Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.14  դրամ
EUR   549.86  դրամ
RUB   7.16  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
19.11.2015   ՄՈՆԹԵԲԵԼԼՈՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԱՐՑԱԽՈՒՄ

            Նոյեմբերի 18-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի նիստերի դահլիճում քաղաքապետարանի ղեկավարությունն ընդունեց ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո քույր-քաղաքի պատվիրակությանը, որը ճանաչողական այցով ժամանել է Արցախ: Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2005թ., ինչն այն ժամանակ հարուցել է պաշտոնական Բաքվի դժգոհությունը և դրդել ապարդյուն քաղաքական ներգործության:

            Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ով կարևորեց այդ սպասված հանդիպման կայացումը. հանդիպում, որը երկուստեք կընդլայնի համագործակցության շրջանակները, հնարավորություն կընձեռի կազմել համապատասխան ծրագրեր ու պատվիրակներին թույլ կտա մոտիկից ճանաչելու Արցախը և նրա խնդիրները: Նա շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Մոնթեբելլո քաղաքի ՀՅԴ <<Դրո>> կոմիտեությանը` Ստեփանակերտին հրշեջմեքենա նվիրելու համար և կարևորեց վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից արտաքին կապերի գծով գործունեությունն աշխուժացնելու փաստը, մեծապես` Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Սփյուռքի որոշ հայաշատ քաղաքների` Մոնթեբելլոյի և Ֆրանսիայի Վանաս քաղաքների հետ կապված: Ս.Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ նման համագործակցությունն իր պտուղները կտա հայության համընդհանուր խնդիրների լուծման գործում, թե քաղաքական, թե մշակութային, թե սպորտի ոլորտում:

            Ելույթ ունեցավ նաև ԱՄՆ Մոնթեբելլո քաղաքի ՀՅԴ <<Դրո>> կոմիտեության ներկայացուցիչ /նախագահ/ Սարգիս Նուրիյանը, ով ներկայացրեց պատվիրակության անդամներին և բոլորի անունից շնորհակալություն հայտնեց արցախցիներին` ջերմ ընդունելության, հյուրընկալության և, հատկապես, մարտնչող հոգու համար, ինչը սփյուռքահայությանն ուժ է տալիս` պահպանելու ինքնությունը:

            Շնորհակալություն հայտնեց նաև Մոնթեբելլոյի քաղաքապետ Ջեք Հաջինյանը, ով խոստովանեց, որ շատ սիրեց Արցախ-Ղարաբաղը: Հարկ է նշել, որ հայազգի ներկայացուցիչն արդեն երկրորդ անգամ է ընտրվում քաղաքապետ` մի քաղաքում, որտեղ հայությունը կազմում է մոտ 11 տոկոս, մնացածն իսպանալեզու բնակչություն է: Նա խոստովանեց, որ այդ պաշտոնն ավելի դյուրին դարձրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների կազմակերպումը` հատկապես կարևորելով այդ թեմայով հնչած դասախոսությունները, որոնց շնորհիվ հնարավոր եղավ շատ ավելի մեծ լսարանի տեղեկացնել Ցեղասպանության պատմական փաստերի մասին: Այնուհետև, Ստեփանակերտի և Մոնթեբելլոյի քաղաքապետները փոխանակեցին հուշանվերներ, և պատվիրակությունները մեկնեցին ԼՂՀ ԿԱ ԱԻՊԾ տարածք` հանդիսավորությամբ կատարելու հրշեջ մեքենայի նվիրատվության արարողությունը:

            ԱԻՊԾ պետ Արթուր Հարությունյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Մոնթեբելլո քաղաքի ՀՅԴ <<Դրո>> կոմիտեությանը` արդեն մեկ տարի առաջ ուղարկած հրշեջ մեքենայի համար, որն արդեն մի քանի ամիս հասցրել է ծառայել Արցախին, հատկապես` ամառն տապերի ժամանակ, երբ շատացել էին հրդեհները: