21.03.2012   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՉԸ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

  Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, որը մեր ժողովրդի ինքնագիտակցության դրսևորման ու հոգևոր վերազարթոնքի գագաթնակետը հանդիսացավ, մեզ հնարավորություն ընձեռեց ձերբազատվել անցյալ նախապաշարումներից, ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, վերաարժևորել ապրած տարիները և իմաստավորելով ներկան` ամուր ու անսասան պահել մեր հավատքը:

  Անկախության կերտման տարիներին, Հայ Առաքելական եկեղեցին, որպես ժողովրդին համախմբող և միաբանող ուժ, մշտապես գտնվել է պետության կողքին, իր աստվածահաճո ձեռնարկումներով նպաստել հայրենիքի զորացմանը: Այսօր էլ, այդ  պատվաբեր առաքելությունը ստանձնած Արցախի հոգևոր թեմը` Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի առաջնորդությամբ, շարունակում է  ազգանպաստ իր գործունեությունը, հանրապետության բնակավայրերում կառուցելով նոր եկեղեցիներ, նորոգելով և վերաբացելով տարիներով  գոցված մեր հոգևոր տները:

   Սիրելի հայրենակիցներ

  Ուզում եմ ձեզ դիմել, իմ համոզմամբ, ստեփանակերտցիներիս համար կարևոր նշանակություն ունեցող մի հարցով: Արձագանքելով ԼՂՀ իշխանությունների, մայրաքաղաքի բնակչության խնդրանքին, 2006թ. հուլիսի 15-ին Ստեփանակերտում կատարվեց Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի հիմնարկեքը, որն օծվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անմիջական ձեռամբ: Եկեղեցու շինարարության համար, որն իրականացվում է ինչպես Հայ Առաքելական եկեղեցու, այնպես էլ անհատ նվիրատուների հանգանակած միջոցների հաշվին, արդեն ծախսվել է ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլար: Այդ նպատակով շոշափելի գումարներ են նվիրաբերել պետական այրեր, հոգևոր առաջնորդներ, հայտնի բարերարներ, մշակույթի և արվեստի գործիչներ, շարքային քաղաքացիներ:

  Գաղտնիք չէ, որ նման նշանակության կառույցների իրագործումը հնարավոր է լինում միայն հասարակության լայն շերտերի մասնակցությամբ: Հաշվի առնելով այդ հանգամանքը, համոզված եմ, որ  ստեփանակերտցիները` մեծ ու փոքրով, ըմբռնումով կմոտենան խնդրին և հնարավորության սահմաններում, որոշակի գումար նվիրաբերելով` կնպաստեն մայրաքաղաքի եկեղեցու կառուցմանը:

   Հայրենակիցներ

   Հավատացած եղեք, որ Ձեր օգնությունն անգնահատելի ներդրում կլինի մայր տաճարի շինարարությանը: Ուրեմն ակտիվորեն մասնակցենք դրամահավաքին և համատեղ ուժերով կառուցենք Աստծո տունը:

 

 

Նվիրատվության նպատակով փոխանցումները կարելի է կատարել`

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմ, Ամերիաբանկ-ի

Ստեփանակերտի մասնաճյուղ, AMD

հ/հ 1570001158220100

հեռ. 374 97279999, 374 93401419