Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.36  դրամ
EUR   568.99  դրամ
RUB   8.19  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
03.09.2015   24 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՀՌՉԱԿՎԵՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հարգանքի տուրք` Ստեփանակերտի Հուշահամալիրում

 

Սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդն աշխարհի համայն հայության հետ նշեց իր պայծառ տոներից մեկը` Հանրապետության հռչակման օրը: Ու, եթե հիշարժան իրադարձության հետ կապված, դիրքերում գտնվող զինվորը սեպտեմբերի 2-ին առավել աչալուրջորեն էր կատարում մարտական իր հերթապահությունը, ապա մայրաքաղաք Ստեփանակերտում տոնակատարության մեկնարկը <<վերապահվել>> էր պաշտպանության բանակի զորաշարասյուններին, որոնք վաղ առավոտյան խրոխտ քայլերգերով անցնում էին կենտրոնական փողոցներով` <<ավետելով>> լուսաբացը: Տոնակատարության մասնակիցները ծաղիկներ խոնարհելով Արցախի անկախության և ազատության համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին կառուցված կոթողին, ասես մեկ անգամ ևս ընդգծում էին ձեռք բերված անփոխարինելի արժեքներն աչքի լույսի պես պահելու և պահպանելու, Հայրենիքին հավատարիմ մնալու և պայքարը տրամաբանական ավարտին հասցնելու իրենց պատրաստակամությունը:

Ժամը 11-ին Վերածննդի հրապարակից երթի մասնակիցներին են միանում Արցախի և Հայաստանի կառավարական պատվիրակությունները` նախագահներ Բակո Սահակյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ոգեկոչելով արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը, պատվիրակության անդամները, որոնց կազմում են օրենսդիր և գործադիր իշխանությունների, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտպանության բանակի բարձրաստիճան զինվորականներ, շարժվում են դեպի Հուշահամալիր: Հայկական երկու հանրապետությունների նախագահների կողմից ծաղկեպսակներ են տեղադրվում: Պետական այրերն ավանդույթի համաձայն այցելում են նաև արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին և ծաղիկներ խոնարհելով` հարգանքի տուրք մատուցում:

Քաղաքապետարանի աշխատակազմի ուղեկցությամբ Ստեփանակերտի Հուշահամալիր է այցելել ու ծաղիկներ տեղադրել նաև քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը` կատարել քաղաքացիական իր պարտքը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն