29.05.2015 ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ընտրվել է լավագույն տարբերակը
Մայիսի 29-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օրհներգի մրցույթի հանձնաժողովի եզրափակիչ նիստը: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ շուրջ մեկ տարի տևած գործընթացի արդյունքում լուրջ քննարկումներ են եղել մրցութային ստեղծագործությունների շուրջ: Նրա խոսքով, նախորդ փուլում առանձնացվել էին 4 հեղինակների գործեր, որոնք և ներկայացվել են հանրային քննարկման: Այդ աշխատանքներից, որպես լավագույն տեքստեր, ընտրվել էին Արկադի Թովմասյանի և Գառնիկ Ավանեսյանի բանաստեղծությունները` նվիրված Ստեփանակերտին, որոնց հիման վրա և ստեղծվել են երաժշտական 4 տարբերակներ /երաժշտությունը գրել են Գառնիկ Ավանեսյանը, Նունե Արզումանյանը, Վիլեն Միքայելյանը և Սիմոն Սարգսյանը/:
Քաղաքապետ Ս.Գրիգորյանն հանձնաժողովի անդամներին առաջարկեց մեկ անգամ ևս ունկնդրել մրցույթին ներկայացված աշխատանքների ձայնագրությունը` հետևյալ հերթականությամբ.
1. Խոսք և երաժշտություն` Գառնիկ Ավանեսյանի 2. Խոսք` Արկադի Թովմասյանի, երաժշտությունը` Նունե Արզումանյանի 3. Խոսք` Արկադի Թովմասյանի, երաժշտությունը` Վիլեն Միքայելյանի 4. Խոսք` Գառնիկ Ավանեսյանի, երաժշտությունը` Սիմոն Սարգսյանի: Լսումներից հետո հնչեցված ստեղծագործությունների շուրջ ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակություն և արտահայտվեցին ամենատարբեր կարծիքներ, որին հետևեց փակ, գաղտնի քվերակությունը: Ստեփանակերտի օրհներգի համար հանձնաժողովը /10-ը` կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ/ լավագույնը ճանաչեց Գառնիկ Ավանեսյանի խոսքերով և Սիմոն Սարգսյանի երաժշտությամբ գրված տարբերակը: Ամփոփելով նիստի աշխատանքները, Սուրեն Գրիգորյանը նշեց, թե հետևողական է լինելու օրհներգը` գործիքավորման և ձայնագրման համար ընթացքավորելու խնդրում և մասնագետների աջակցությունն ակնկալելով, համոզմունք հայտնեց, որ այն կհղկվի ու ավելի կկատարելագործվի, ստեղծագործությունը գոհունակությամբ կընդունվի հանրության կողմից: Հավելենք, որ մրցանակային առաջին տեղը զբաղեցրած հեղինակներին /Գ.Ավանեսյանին և Ս.Սիմոնյանին /հաղթողի դիպլոմի հետ կտրվի 1000 /հազար/ ԱՄՆ դոլար դրամական պարգև: Մրցանակային երկրորդ տեղ գրաված հեղինակները /Ա.Թովմասյանն ու Վ.Միքայելյանը/ կպարգևատրվեն 500 /հինգ հարյուր/ ԱՄՆ դոլարով:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |