Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   478.03  դրամ
EUR   530.47  դրամ
RUB   7.50  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
25.04.2015   ՇԱԲԱԹՕՐՅԱԿՆ ԱՆՑԱՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ, ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

 

Մայրաքաղաքը կանաչապատվում, հրապուրիչ տեսք է ստանում

           

Ծառատնկման, կանաչապատման և սանիտարական մաքրության միամսյակի շրջանակում` կազմակերպված ու  բարձր մակարդակով անցավ  Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից ապրիլի 25-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակը:

Արևոտ, բարենպաստ եղանակն ավելի էր ոգևորել  մարդկանց և մեծ ու փոքրով` հիմնարկ-ձեռնարկությունների, պետական կառույցների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվներն առավոտյան ձեռնամուխ էին եղել հարակից տարածքներում նախապես ծրագրված աշխատանքներին: Եթե ծառատունկը, գլխավորապես իրականացվում էր Արեշ թաղամասում և որոշ կրթօջախների բակերում, ապա  մայրաքաղաքի Վերածննդի և Հաղթանակի հրապարակներում, Հուշահամալիրի ողջ տարածքում, Բեկորի անունը կրող  զբոսայգում, Շահումյանի անվան պուրակում ու քաղաքի տեսարժան այլ վայրերում շաբաթօրյակի մասնակիցները զբաղված էին շրջակայքի կանաչ տարածքների մշակմամբ և սանիտարական  մաքրությամբ: Հատկանշական է, որ շաբաթօրյակի ընթացքում ջրցան մեքենաներով լվացվում էին ոչ միայն հրապարակներն ու զբոսայգիների սալիկապատած հատվածները, այլև քաղաքում տեղադրված հուշարձաններն ու կոթողները` առանձնակի շուք հաղորդելով մշակութային և պատմական այդ անփոխարինելի արժեքներին:

Աշխատանքային եռուզեռ էր տիրում քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում, մասնավորապես` կենտրոնական մասում: Շաբաթօրյակին ակտիվորեն ներգրավվել էին պետական այրերն ու շարքային մարդիկ, ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները, տարեցներն ու դպրոցականները: Մայիսյան եռատոնի նախաշեմին յուրաքանչյուրը շահագրգռված էր առավել գեղեցիկ, մաքուր և ներդաշնակ տեսնել սիրելի Ստեփանակերտը ու ջանք ու եռանդ չէր խնայում դրանում իր մասնաբաժին ունենալու համար:

Փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի հավաստմամբ, օրվա երկրորդ կեսին մայրաքաղաքում իդեալական մաքրություն էր տիրում և, քանի որ հողը տաքացել էր արևի ջերմությունից, մյուս աշխատանքներին զուգընթաց սիզամարգերը  փխրեցվում, նախապատրաստվում էին ծաղկասածիլների  տեղադրմանը: Նրա խոսքով, ընդամենը մեկ շաբաթ  կպահանջվի  ջերմոցներում աճեցված ու Երևանից ներկրված բազմատեսակ ծաղկասածիլները հողին պահ տալու համար: Փոխքաղաքապետը հավելեց նաև, որ մինչև ապրիլի 30-ը, միամսյակի շրջանակում, Ստեփանակերտում կշարունակվեն ծառատնկման, կանաչապատման և սանիտարական մաքրության աշխատանքները: 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար