Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.22  դրամ
EUR   526.22  դրամ
RUB   7.39  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
26.09.2014   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի ստեփանակերտցիներ

Քաղաքապետարանի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ  Ստեփանակերտի ավանդական օրվա կապակցությամբ:

Մեզնից յուրաքանչյուրն անկեղծորեն  հպարտանում է մեր քաղաքի անցյալով ու ներկայով, նրա հոգևոր, պատմամշակութային արժեքներով: Այդ առումով տոներն առիթ են հետադարձ հայացք ձգելու մեր անցած ճանապարհին և վերաարժևորելու այն:

Կազմավորման օրվանից, հաճախակի հայտնվելով փորձությունների և դժվարությունների հորձանուտում, մաքառել և պատվաբեր ճանապարհ է անցել մայրաքաղաք Ստեփանակերտը: Չնայած Ադրբեջանի իշխանությունների կողմից նախկին մարզի ու նրա կենտրոնի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությանը, մարզկենտրոնի հայկական ճարտարապետական դիմագիծն ամեն կերպ խաթարելու և արմատներից կտրելու փորձերին, Հայաստանի և Արցախի երևելի արվեստագետների ու ճարտարապետների ազգապահպան առաքելության շնորհիվ, հոգևոր-մշակութային կյանքը, թեկուզև մեծ խոչընդոտների պարագայում, շարունակում էր գոյատևել:

1988-ին Արցախյան ազգային-ազատագրական շարժումը մեր ժողովրդի հոգևոր զարթոնքի սկիզբը հանդիսացավ, և Ստեփանակերտը, որպես ընդհանուր տուն, հարազատ օջախ, իր տանիքի տակ առավ ազատության համար պայքարի ելած զավակներին, նրանց համար դառնալով ոչ միայն գլխավոր հավաքատեղի, այլև ռազմական իրադրության հետ կապված զարգացող գործընթացները համակարգող կենտրոնակայան: Այս տեսանկյունից անգնահատելի է մայրաքաղաքի դերը` թշնամու դեմ մարդկանց ուժերն համախմբելու և միասնաբար պայքարելու գործում: Վերջին տարիներին շինարակական-վերականգնողական լայնածավալ աշխատանքների շնորհիվ անճանաչելիորեն փոխվել է քաղաքը, դարձել գեղեցիկ ու հրապուրիչ: Հաջողվել է լուծել առաջնահերթ, կենսական նշանակության մի շարք խնդիրներ, որոնց մասին տարիներ շարունակ  երազում էին բնակիչները: Այսօր մայրաքաղաքում աշխատանքների ծավալման գլխավոր ուղղություններ են հանդիսանում բնակարանաշինությունն ու դպրոցաշինությունը, առողջապահությունը, փողոցների  և զբոսայգիների, բազմաբնակարան շենքերի բակերի վերակառուցումն ու հիմնանորոգումը: Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է մնում  մասնավորապես ծայրամասային փողոցների և թաղամասերի բարեկարգումն ու արտաքին լուսավորման խնդիրը: Եկող տարի, հավանաբար, ավարտին կհասցվի քաղաքի ջրամատակարարման ծրագիրը, ինչը կենսաապահովման տեսանկյունից վճռորոշ նշանակություն ունի բնակչության համար:

Սիրելի համաքաղաքացիներ

Որպես հանրապետության մայրաքաղաք, Ստեփանակերտը տարեցտարի  առաջընթաց զարգացում պիտի ապրի, ինչին իր անձնական ձեռնարկմամբ պիտի նպաստի մեզնից յուրաքանչյուրը: Գաղտնիք չէ, որ Արցախ ժամանած այցելուների մոտ երկրի հանդեպ առաջին տպավորությունը  ձևավորվում է Ստեփանակերտում: Հետևաբար, մեր քաղաքը միշտ մաքուր և գեղեցիկ պիտի լինի բոլորի համար: Իսկ, որպեսզի կարողանանք հասնել դրան,  առավել ուշադիր և սրտացավ պիտի գտնվենք  նրա նկատմամբ, մեր աշխատանքով նպաստենք սիրելի մայրաքաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը:

Թանկագին ստեփանակերտցիներ

Վերստին շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ, խաղաղ երկինք, անձնական  երջանկություն: