Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.48  դրամ
EUR   535.52  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
03.09.2014   ԱՐՑԱԽԸ ՆՇՈՒՄ Է ԻՐ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՏՈՆ, ՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՈՒՆԻ

            Սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդն աշխարհի համայն հայության հետնշեց իր պայծառ տոներից մեկը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը: Չնայած նա այսօր ընդամենը 23 տարեկան է, ինչպես ասում են` «տակավի նպատանի», բայց կայացման ճանապարհին անցնելով դաժան պատերազմի միջով, հաղթահարել է բազում ծանր փորձություններ, իր նվիրյալ զավակների անձնազոհության, զորեղ կամքի  շնորհիվ հաղթանակներ տոնել` դիմակայելով թշնամուն, պահպանելով և ամրապնդելով իր ինքնությունը:

            Արյամբ ու քրտինքով, անզիջում պայքարով կերտելով անկախ պետականություն, արցախցին հետադարձ հայացք ձգտելով և վերաարժեվորելով 1991թ. սեպտեմբերի 2-ի պատմական իրադարձության նշանակությունը, իրեն հպարտ ու միաժամանակ ավելի պարտավորված է զգում սեփական երկրի, նրա վաղվա օրվա, սերունդների ճակատագրի համար: Ու ձգտելով աչքի լույսի պես պահպանել ազատությունը, նա քաջ գիտակցում է որ ձեռք բերված խաղաղությունը պայմանավորված է հայրենիքի սահմանների անառիկությամբ և անվտանգությամբ: Ահա թե ինչու պաշտպանության բանակի դիրքապահ զինվորը մարտական ծառայությունն անցկացնում է բացառիկ զգոնության պայմաններում` միշտ պատրաստակամ արժանի հակահարված հասցնելու  հակառակորդին: Իսկ ամենավճռական պահերին նա մեկ անգամ չի ապացուցել իր մարտունակությունն ու խիզախությունը: Պատահական չէ, որ խրոխտ, հաղթական քայլերով անցնելով մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներով`  խորհրդանշական տոնի մեկնարկն  առավոտյան տվել են ՊԲ զինվորական շարասյուները` ստեղծելով տոնական ուրախ տրամադրություն:

           Բազմաթիվ աշխատանքային կոլեկտիվներ, հազարավոր ստեփանակերտցիներ` ուսանողներ և դպրոցականներ, պետական այրեր, ՊԲ բարձրաստիճան սպաներ, Հայաստանից և արտերկրից ժամանած հյուրեր շտապում են Ստեփանակերտի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Արցախի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների և դուստրերի  հիշատակին:

            Հաղթանակի  հրապարակից քայլերթով դեպ ի Հուշահամալիր են շարժվում  Հայաստանի և Արցախի պետական կառավարական պատվիրակությունները` ՀՀ և ԼՂՀ  նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ: Նրանց հետ են  ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը,վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ  Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,  Հայաստանի  և ԼՂՀ բարձրաստիճան այլ    պաշտոնյաներ:

ՊԲ պատվո պահակախումբն է հավերժական կրակի մոտ հերթապահում: ՀՀ և ԼՂՀ  նախագահների կողմից ծաղկեպսկաներ են դրվում հուշահամալիրի պատվանդանին: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ծաղիկներ են դնում նաև Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ  ԱրթուրՄկրտչյանի և համալիրի տարածքում ամփոփված ազատամարտիկների շիրիմներին, խնկարկում նրանց հիշատակը:

Տոնի կապակցությամբ հուշահամալիր է այցելել ու քաղաքացիական իր պարտքը կատարել նաև  Ստեփանակերտի քաղաքապետարանի  աշխատակազմը` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ:

            Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաք Ստեփանակերտում Ստեփանակերտում կազմակերպված միջոցառումների ծրագիրը հարուստ էր ու բազմազան. համերգներ, մարզային տարբեր մրցություններ, ուխտագնացություն` դեպի Ամարասի վանական համալիր, արցախյան գորգերի, ինչպես նաև արցախցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք` Շահումյանի անվան պուրակում, միասնության շուրջպար…

Որ ԼՂՀ հռչակագրի ընդունումն անխուսափելի էր, դա հաստատել է և ժամանակը: Այսօր 23 ամյա երիտասարդ հանրապետությունը վստահ քայլերով  շարժվում է դեպի առաջ: ՈՒ աշխարհի առաջադեմ մարդկությունը, միջազգային տարբեր կառույցներ ավելի են համոզվում այն  ճշմարտության մեջ, որԱրցախը դեֆակտո կայացած անկախ պետություն է, որն իրականացնում է ազգային շահերի պաշտպանությանն ուղղված ինքնուրույն արտաքին քաղաքականություն: Իսկ  գաղտնիք չէ, որ ԼՂՀ արտաքին քաղաքականության գործունեության առանցքային << հանգույցը>> եղել ու հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, երկրի միջազգային ճանաչման ամրագրումը, ինչը հիմնված է ազգերի ինքնորոշման իրավունքի (սկզբունքի) վրա:

ԼՂՀ հռչակման տոնակատարությունները  եզրափակվեցին Վերածննդի հրապարակում կայացած տոնական համերգով և հրավառությամբ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար