Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.36  դրամ
EUR   568.99  դրամ
RUB   8.19  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
25.08.2014   ՄԱՆԿԱԿԱՆ ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Մայրաքաղաք Ստեփանակերտում նորակառույց մանկական խաղահրապարակների թիվն ավելացավ ևս մեկով:

Հերթականի հանդիսավոր բացումը կայացավ օգոստոսի 23-ին` Գրիգոր Լուսավորիչ փողոցում:

Տոնական միջոցառումանը ներկայացել էին պետական այրեր, հարյուրավոր ստեփանակերտցիներ և հյուրեր, Գրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչները, իհարկե, փոքրիկ տանտերերի հետ…

Խաղահրապարակի բացման առիթով ողջունելով ներկաներին, հատկապես` մանուկներն և շնորհավորելով նրանց գեղեցիկ նվերի համար Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, թե մանկական խաղահրապարակի շահագործմամբ ևս մի հաճելի, գողտրիկ անկյուն ուրվագծվեց քաղաքի բնակելի թաղամասերից մեկում:

<<Ասել է թե` այսօր գեղեցիկ տոն է համաքաղաքացիներիս, հատկապես` երեխաների համար,- ասաց քաղաքապետը: - Մանավանդ, որ գտնվում ենք երկրի անկախության հռչակման 23-րդ տարեդարձի և նոր ուսումնական տարվա նախաշեմին: Իմ համոզմամբ, մանկական խաղահրապարակը հաճելի նվեր է մեր փոքրիկներին, ուր նրանք կկարողանան արդյունավետ անցկացնել իրենց ազատ ժամանակը, ֆիզիկապես կոփվել, շփվել միմյանց հետ ու ավելի մտերմանալ, միասին խորհել հայրենասիրական գաղափարների շուրջ և շատ սիրել մայրաքաղաք Ստեփանակերտը, Արցախ աշխարհը: Իսկ այդ տեսակետից, կարծում եմ, երեխաների համար յուրահատուկ պատգամ կհանդիսանան խաղահրապարակի մուտքի մոտ` արցախյան պատերազմում ընկած հայորդիների հիշատակը հավերժացնող մարմարակետ հուշաղբյուրին քանդակված չափածո խոսքերը, որոնք պարտավորեցնում են անմնացորդ նվիրվել հայրենիքին ու ընդմիշտ վառ պահել ազատության համար ընկած հերոս զավակների հիշատակը: Հավերժ փառք հայրենիքի համար նահատակվածներին>>:

Քաղաքապետ Ս.Գրիգորյանի խոսքով, մանկական հրապարակը, որը կառուցվել է պետական միջոցներով և մայրաքաղաք Ստեփանակերտի բարեկարգման ծրագրի շրջանակներում իրականացվող լայնածավալ ձեռնարկումների շարքում, փոքրիկ, բայց նշանակալի մասնաբաժին է կազմում, անշուշտ, իր դրական դերը կունենա երեխաների կյանքում: <<Չէ± որ նրանք մեր ազատ և անկախ հանրապետության քաղաքացիներ են, ու երկրի ապագան նաև նրանցով է պայմանավորված: Պատահական չէ, որ նրանք մշտապես գտնվում են պետության ուշադրության և հոգատարության ներքո>>, - ընդծեց պարոն Գրիգորյանը::

Առիթից օգտվելով քաղաքապետը ներկաների անունից շնորհակալություն հայտնեց հանրապետության ղեկավարությանը, խաղահրապարակը կառուցած բոլոր շինարարներին` նման գեղեցիկ նվերի համար և շնորհավորեց ԼՂՀ անկախության հռչակման հերթական տարեդարձի, ինչպես նաև գալիք ուսումնականի` գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև <<Արկշին>> ՍՊԸ ղեկավար Արկադի Ծատրյանը և թաղային կոմիտեի նախագահ Ալեքսանդր Քոչարյանը: Այնուհետև Տեր-Մեսրոպ քահանա Մկրտչյանը օրհնանքի խոսք ասաց և կատարեց օծման արարողություն:

Հնչում են ուրախ երգն ու երաժշտությունը: Նորակառույց խաղահրապարակում շուրջպար են բռնում մանուկները:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար