22.08.2014   ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՍԱԿԱԳԻՆ

Ստեփանակերտ քաղաքում` ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների նոր սակագին սահմանելու հետ կապված խնդիրներին էր առնչվում քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի հրավիրված էին նաև <<Ստեփանակերտ-Սերվիս>> ՓԲԸ և <<Մհեր>> ՍՊԸ ղեկավարները:

Քաղաքապետն իրազեկեց, որ հիշյալ ընկերություններից հայտեր են ստացվել, թե 7 տարուց ավելի է, ինչ ներքաղաքային ավտոբուսային երթուղիների սպասարկումը մեկ ուղևորի հաշվով իրականացվում է 70 դրամ փոխադրավարձով, ինչը, նրանց համոզմամբ, չի համապատասխանում կատարված ծախսերին: Ըստ փոխադրողների հաշվարկների, անհամեմատ աճել են վառելիքի և պահեստամասերի սակագները, ավելացել սպասարկման ծախսերը, մինչդեռ փոխադրումների սակագինը մնացել է անփոփոխ: հաշվի առնելով այդ իրողությունները, յուրաքանչյուր ուղևորի փոխադրման համար <<Մհեր>> ընկերությունն առաջարկում էր սահմանել 112, իսկ <<Ստեփանակերտ-Սերվիս>> ձեռնարկությունը` 120 դրամ:

Երկարատև քննարկումների արդյունքում, քաղաքապետը որոշեց Ստեփանակերտ քաղաքում ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների սակագինը սահմանել 100 դրամ: Սուրեն Գրիգորյանն ընդգծեց, թե ուղևորների փոխադրման սակագնի բարձրացումը` 30 դրամով. հիշյալ ընկերություններին պետք է սթափեցնի` առավելագույն  բարեխղճություն դրսևորել և անթերի կատարել պայմանագրային բոլոր պարտավորությունները, մայրաքաղաքում ապահովվի բնակչության լիարժեք սպասարկում: Նա ավելորդ չհամարեց հիշեցնել, որ օրինազանց վարորդների, ընդհանրապես փոխադրողների նկատմամբ տույժերից և տուգանքներից զատ, իրագործվելու են վարչական մի շարք տույժեր, իսկ քաղաքային  տրանսպորտի երթուղիների կանոնակարգման վերաբերյալ կսահմանվի խիստ վերահսկողություն: Որպեսզի ներքաղաքային ավտոբուսների կողմից ուղևորափոխադրումներն իրականացվեն պատշաճ որակով, քաղաքապետն անխուսափելի համարեց ճանապարհների և փողոցների բարեկարգման ծրագրի իրագործման անհրաժեշտությունը` շեշտելով, թե << փողոցները մշտապես պիտի լինեն նորոգ ու երթևեկելի, իսկ բնակչությունը` օրեցօր բարելավվող սպասարկումից իրոք զգա, թե ինչով է պայմանավորված փոխադրումների սակագնի փոփոխությունը>>:

Հավելենք, որ մայրաքաղաքում ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների նոր սակագինը կգործի ս.թ. հոկտեմբերի 1-ից:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար