Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.57  դրամ
EUR   526.28  դրամ
RUB   7.48  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
20.08.2014   ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ՕՐՀՆԵՐԳԻ/ՀԻՄՆԻ/ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ  կետով, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքի օրհներգի /հիմնի/ ընտրության բաց մրցույթ անցկացնելու մասին:

Մրցույթի անցկացման ժամկետը սահմանվել է 100/հարյուր/ օր` մրցույթի վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներով հրապարակելու օրվանից:

Մրցույթի անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծվել է մրցութային հանձնաժողով, որը կգլխավորի քաղաքապետ Ս.Գրիգորյանը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ինչպես քաղաքապետարանի պատասխանատուներ, այնպես էլ` հանրապետության  ստեղծագործական  կազմակերպությունների ղեկավարներ, ճանաչված երաժիշտներ և արվեստի գործիչներ:

Մրցույթի նպատակն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի խորհրդանիշի` օրհներգի/հիմնի/ ստեղծումը` որպես բարձրարվեստ երաժշտական ստեղծագործություն, հայրենասիրական զգացմունքների դաստիարակումը դեպի հարազատ քաղաքը, Ստեփանակերտի մասին նոր երգերի ստեղծման խրախուսումը:

Մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք` անկախ քաղաքացիությունից: Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել  օրհներգի /հիմնի/ մեկից ավելի տարբերակներ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մրցույթի մասնակցության հայտ` համաձայն N1 ձևի և անհրաժեշտ նյութերը` տպագիր և էլէկտրոնային կրիչով: Հայտում նշվում են օրհներգի հեղինակի/հեղինակների/ անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հասցեն, աշխատանքի վայրը/ուսումնական հաստատությունը/, հեռախոսը և էլեկտրոնային հասցեն: Օրհներգի նախագծի հեղինակը կարող է ներկայացնել օրհներգի պատրաստի նախագիծ` տեքստը և երաժշտությունը համատեղ: Ստեփանակերտ քաղաքի օրհներգն իրենից ներկայացնում է երաժշտական-բանաստեղծական  ստեղծագործություն` հայերեն լեզվով, 3-4 րոպե տևողությամբ` նախատեսված նվագախմբային, երգչախմբային և այլ ձայնային ու գործիքային  տարբերակներով կատարման համար: Օրհներգի գրական տեքստը պետք է բաղկացած լինի առնվազն երկու բանաստեղծական քառատողից ու կրկներգից, ունենա բարձր բանաստեղծական մակարդակ, հանդիսավորություն, արտացոլի  մայրաքաղաքի պատմությունը, նրա առանձնահատկություններն ու ավանդույթները , կրի գաղափարական-հայրենասիրական բնույթ, լինի մատչելի և հիշվող, երաժշտական նյութը  պետք է ունենա երաժշտական արտահայտչականություն, հանդիսավորություն, մատչելիություն, գրական տեքստի հետ տոնային և բովանդակային ներդաշնակություն:

Մրցույթն անց է կացվում  երկու փուլով: Առաջին փուլում օրհներգի տեքստի մրցույթն անց է կացվում մրցույթի մասին հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներով հրապարակելուց` 50/հիսուն/ օրվա ընթացքում: Երկրորդ փուլում ընտրված գրական տեքստի համար երաժշտության  մրցույթն անց է կացվում առաջին փուլի ավարտից հետո: Առաջին փուլի ժամկետը լրանալուց հետո հանձնաժողովը մեկշաբաթյա ժամկետում ամփոփում է  առաջին փուլի արդյունքները` ընտրելով օրհներգի տեքստը: Երկրորդ փուլի ժամկետը լրանալուց հետո հանձնաժողովը մեկշաբաթյա ժամկետում  ամփոփում է երկրորդ փուլի  արդյունքները` ընտրելով օրհներգի երաժշտությունը: Եթե ներկայացված ստեղծագործություններից ոչ մեկը հանձնաժողովի կողմից չի ընտրվում որպես օրհներգ, ապա մրցույթը համարվում է չկայացած:

Մրցույթի մասնակիցներին  կհանձնվեն պատվոգրեր, ինչպես նաև նրանք կարժանանան դրամական պարգևների:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար