21.05.2014   ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՈՒՄ

Ընդլայնվում են համագործակցության շրջանակները

 

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև գործնական կապերի ամրապնդման և համագործակցության հետագա խորացման հնարավորություններն են քննարկումների առարկա հանդիսացել մայիսի 21-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի` Երևանի պատվիրակության անդամների հետ կայացած հանդիպման ժամանակ, որի կազմում են Արաբկիր վարչական կենտրոնի ղեկավար Հրայր Անտոնյանը, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ  Գևորգյանը և այլ պատասխանատուներ:

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ողջունելով հյուրերին, համոզմունք է հայտնել, թե երկու տարի առաջ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարնների միջև սկզբնավորված համագործակցությունը, որ Տարոն Մարգարյանի ակտիվ ձեռնարկումների շնորհիվ շարունակ ընդլայնում է իր շրջանակները և առավել շոշափելի դառնում, հուսալի հեռանկարներ է խոստանում, ինչի ականատեսն են Երևանի  ու Ստեփանակերտի բնակիչները: Պարոն Գրիգորյանը գոհունակությամբ նշեց, որ հաջողությամբ իրականություն են դառնում բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշվել են Երևանի քաղաքապետի կողմից և իր հերթին պատրաստակամություն հայտնեց անձնապես օժանդակել յուրաքանչյուր մտահղացման  իրագործմանը:

Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով  ջերմ ընդունելության համար, Արաբկիր վարչական կենտրոնի ղեկավար Հրայր Անտոնյանն անդրադարձավ  իր գլխավորած կենտրոնի բաժինների աշխատանքային փորձին և առաջարկեց առավել սերտացնել կապերը Ստեփանակերտի քաղաքապետարանի համապատասխան կառույցների միջև: Նա ևս համոզված է, որ Արցախում զբոսաշրջության զարգացման համար հրաշալի  նախապայմաններ  են ստեղծված, ու << երևանցիները մեկ անգամ  այցելելով ԼՂՀ  և  ծանոթանալով նրա տեսարժան վայրերին ու պատմական, հոգևոր-մշակութային արժեքներին, այլևս ցանկություն չեն ունենա հեռուներ  մեկնել  և կգերադասեն  հանգստանալ Արցախի զարմանահրաշ  բնության  գրկում>>:

Հանդիպման ավարտին  Սուրեն Գրիգորյանն ու Հրայր Անտոնյանը հուշանվերներ են փոխանակել:

Այցի շրջանակներում, Երևանի քաղաքապետարանի պատվիրակության անդամները` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանի և Արմեն Հակոբյանի հետ այցելել են Հուշահամալիր և ծաղկեպսակ տեղադրել հուշարձանի պատվանդանին` հարգելով Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակվածների հիշատակը:

 

Երևանից ժամանած հյուրերը եղել են նաև  մայրաքաղաքի հ.3 մանկապարտեզում և Արաբկիրի վարչական կենտրոնի անունից նվերներ հանձնել, ծանոթացել նախադպրոցական հիմնարկի պայմաններին և ունկնդրել փոքրիկների ելույթը:  

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար