Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   479.72  դրամ
EUR   535.56  դրամ
RUB   7.43  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
08.05.2014   ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Արցախում բարի ավանդույթ են դարձել մեր ժողովրդի նվիրյալ զավակների կատարած բարեգործությունները: Խոսքը` մեր երկրում, մասնավորապես` մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվող հովանավորչական ձեռնարկումների մասին է:

Մայիսի 8-ին Հարությունյանների ընտանիքի նախաձեռնությամբ և հովանավորությամբ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում շահագործվեցբազմահարկ շենք, որը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին:

Նորակառույցի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պետական այլ պաշտոնյաներ, հյուրեր, հարյուրավոր ստեփանակերտցիներ:

Նշանակալի իրադարձության առիթով ողջունելով ներկաներին և շնորհավորելով նրանց մայիսյան եռատոնի կապակցությամբ, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց. <<Եռատոնը, որ խորհրդանշում է մեր ժողովրդի ամենապայծառ ու նվիրական օրերից մեկը,հագեցած է տոնական ամենատարբեր միջոցառումներով: Եվ այսօր վերաարժևորելով մեր հաղթանակներն ու ձեռքբերումները` ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ տնտեսության ամենատարբեր ոլորտներում, անհնար է երախտիքի խոսքեր չուղղել հայրենիքի համար նահատակված մեր այն եղբայրներին ու քույրերին, որոնց անձնազոհությամբ հնարավոր եղավ ազատ և անկախ երկիր ունենալ և իրագործել նրանց իղձերն ու ցանկությունները>>:

Պարոն Գրիգորյանը նշեց, որ պատերազմից հետո Արցախի իշխանություններից և ժողովրդից հսկայական ջանքեր պահանջվեցին ավերված երկիրը վերականգնելու և դժվարությունները հաղթահարելու համար: Հայաստանի և Սփյուռքի աջակցությամբ վերստին շունչ առան մեր բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը, որ չորս կողմից օրուգիշեր հրետակոծվում էր թշնամու կողմից և անդառնալի կորուստներ ունեցանք: <<Այսօր քաղաքում պատերազմի հետքեր գրեթե չես գտնի, այն արագ վերակառուցվում, բարեկարգվում ու անճանաչելիորեն փոխում է դեմքը, դառնում առավել գեղեցիկ և հրապուրիչ,- ասաց Ս.Գրիգորյանը:-Վերջին տարիներին երկրի իշխանությունների կողմից առանձնակի ուշադրություն է դարձվում մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը, բնակարանաշինությանն, դպրոցաշինությանը, առողջապահական ցանցի ընդլայնմանը, որոնց ականատեսն ենք բոլորս:Որպես առաջնահերթություն, շարունակում է օրակարգում մնալ  բնակարանաշինության խնդիրը, որի լուծումը, երկրի առաջընթացի ապահովման և ժողովրդագրական վիճակի բարելավման տեսանկյունից ռազմավարական մեծ նշանակություն ունի>>:

Այդ համատեքստում քաղաքապետը մասնավորապես առանձնացրեցսոցիալական այն ծրագրերը, որոնք միտված են պատերազմում զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, ինչպես նաև բազմանդամ ընտանիքների կենսապայմանների բարելավմանը: <<Ամեն տարի նորանոր բնակելի թաղամասեր են ծնունդ առնում Ստեփանակերտում, կառուցվում են հարմարավետ գեղեցիկ շենքեր, որոնց շահագործումը նաև իրականություն է դառնում մեր բարերարների ֆինանսական աջակցությամբ,- ընդգծեց քաղաքապետը:-Այս հիշարժան օրը մեր տոնական տրամադրությունն ավելի է կրկնապատկվում` այն բանի շնորհիվ, որ ի դեմս Հարությունյանների ընտանիքի, քաղաքում իրականացվել է  ևս մեկ բարեգործական ծրագիր: Հանդիսավոր պայմաններում շահագործման է հանձնվում  գործարար Միքայել Հարությունյանի միջոցներով կառուցված բազմահարկ բնակելի նոր շենքը, ուր գլխավորապես կբնակեցվեն սոցիալապես անապահով ընտանիքները>>:

Քաղաքապետը հավելեց, որ շինարարությունն իրականացվել է տեխնոլոգիական ժամանակակից պահանջներին համահունչ և մասնագետների կողմից արժանացել բարձր գնահատականի:

Ավարտելով խոսքը, Ս.Գրիգորյանը քաղաքապետարանի, բոլոր ստեփանակերտցիների անունից երախտագիտություն հայտնեց Հարությունյանների ընտանիքին` բարեգործական առաքելության համար, ինչպես նաև այն բոլոր շինարարներին, որոնց ձեռքերով կառուցվել է բազմաբնակարան շենքը: Վերջում,  ի նշան երախտիքի,  քաղաքապետը բարերար Միքայել Հարությունյանին հանձնեց քաղաքապետարանի շնորհակալագիրը:

Բնակարանամուտի առիթով սրտի խոսք ասացին ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության վարչության պետ Սամվել Իսրայելյանը, բարերար Միքայել Հարությունյանը: Ներկաներին շնորհավորեց և օրհնության խոսքով հանդես եկավ  Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Կարմիր ժապավենը <<հատելու>> իրավունքը վերապահվեց բարերար Միքայել Հարությունյանին և քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար