Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.40  դրամ
EUR   526.81  դրամ
RUB   7.46  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
08.05.2014   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Թանկագին ստեփանակերտցիներ

         Ուրախ եմ Ձեզ ողջունելու մայիսյան եռատոնի`  Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի կապակցությամբ:

         Մայիսը հայ ժողովրդի պատմության մեջ հայտնի է որպես նվաճումների և հաղթանակների ամիս: 451-ի մայիսին էր, երբ զորավար Վարդան Մամիկոնյանի գլխավորած զորագունդը Ավարայրի դաշտում սկիզբը դրեց այն հերոսամարտի, որի շղթան դարերի միջով ձգվեց մինչև Սարդարապատ, հասավ Բեռլին և Շուշի` ոգեշնչելով հայրենասերների նորանոր սերունդների:

         Մեր հիշողությունից երբեք չեն ջնջվում մղձավանջային այն ծանր օրերը, երբ Ստեփանակերտը գիշեր-ցերեկ ռմբահարվում, հրետակոծվում էր թշնամու կողմից և բնակչության շրջանում շարունակ աճում էր զոհերի թիվը, սակայն  ոչ ոք չէր մտածում մայրաքաղաքը լքելու մասին: Բոլորս  մեկ մարդու պես համախմբվել, բռունցքվել էինք, հայացքներս ուղղել դեպի հայոց հինավուրց Շուշի, ու միմիայն մտածում էինք ռազմագործողության հաջող ավարտի, բերդաքաղաքի ազատագրման և ազատամարտիկների անփորձանք վերադարձի մասին:

Ու, երևի թե մեր միասնության, զորեղ կամքի և անսասան  ոգու շնորհիվ էր, որ հաղթեցինք, Շուշին վերածնվեց և վերստին  դարձավ հայկական: Ասել է թե` ստեփանակերտցիներից յուրաքանչյուրը, մեծ ու փոքրով, իր արժանի ներդրումն ունեցավ բաղձալի հաղթանակի նվաճման գործում: Հետագա ավերածություններից վերջապես փրկվեց մայրաքաղաքը, Հայաստանի, աշխարհի համայն հայության զորակցությամբ աստիճանաբար հաղթահարեցինք դժվարությունները և այսօր  հպարտորեն, վերակառուցված ու բարեկարգ տեսքով է այն ներկայանում մեզ` աշխարհի տարբեր ծայրերից Արցախ ոտք դրած մեր հայրենակիցներին, հյուրերին:

         Սիրելի  ստեփանակերտցիներ:

         Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայիսյան եռատոնի առթիվ, մաղթում քաջառողջություն ու երջանկություն, խաղաղություն: Թող աշխատանքում և անձնական կյանքում բոլորիս ուղեկցեն հաջողություններն ու հաղթանակները: