Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   479.64  դրամ
EUR   535.66  դրամ
RUB   7.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
15.10.2011   Նոր քաղաքապետը ստանձնեց իր լիազորությունները

   Ստեփանակերտի նոր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն հոկտեմբերի   15-ին անցել է իր լիազորություններին. իսկ նրան նախորդող Վազգեն Միքայելյանը, հրաժեշտ տալով գործընկերներին, պետական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ շնորհակալություն հայտնելով նրանց համատեղ, արդյունավետ աշխատանքի եւ համագործակցության համար, համոզմունք է հայտնել, որ նորընտիր համայնքապետն ու ավագանու անդամները, ՙզարգացնելով լավագույն ավանդույթները, համաքաղաքացիների աջակցությամբ կանեն հնարավորը՝ մայրաքաղաքն ավելի գեղեցիկ, սրտահաճ ու բարետես դարձնելու համար՚։
Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացնելով համայնքի նոր ղեկավարին, հաջողություններ է մաղթել նրան։
Կառավարության ղեկավարն, անրադառնալով նախորդ քաղաքապետի՝ անցած 4 տարիների գործունեությանը, այդ ժամանակահատվածը գնահատել է արգասաբեր եւ իրադարձությունների առումով՝ նշանակալի։ Ըստ ոլորտների, նա ներկայացրել է ՙհսկայածավալ այն աշխատանքները՚, որոնք բեկում են մտցրել մայրաքաղաքի սոցիալ տնտեսական կյանքում՝ անհամեմատ վերափոխելով Ստեփանակերտի դեմքը։ Վարչապետի խոսքով, իրականացվող ձեռնարկումները պայմանավորված են եղել ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրում ամրագրված դրույթներով եւ կառավարության կողմից մշակված ռազմավարական ուղղություններով, որոնք եւ վճռորոշ դերակատարություն են ունեցել մայրաքաղաքի հիմնահարցերի լուծման համատեքստում։ Պետական բյուջեի եւ բարեգործական ներդրումների հաշվին անհամեմատ աճել են կապիտալ շինարարության ծավալները՝ ինչպես բնակարանաշինության, դպրոցաշինության եւ հասարակական օբյեկտների կառուցման ու վերանորոգման, այնպես էլ՝ կենսական նշանակության շինությունների ընդլայնման ու շահագործման տեսանկյունից։ Բոլոր ուղղություններով կապիտալ շինարարության նպատակով ծախսված գումարի արժեքը կազմել է ավելի քան 23 մլրդ դրամ։ Մինչեւ տարեվերջ, հիշյալ ծրագրերով նախատեսված աշխատանքների ընդհանուր գումարը կգերազանցի 7 մլրդ դրամի սահմանը։
ՙԿատարվածն, իրոք, տեսանելի է ու պիտի բարձր գնահատել նախկին համայնքապետ Վ.Միքայելյանի աշխատանքը՚,— նշեց վարչապետն ու շնորհակալություն հայտնելով նրան անցած 4 տարիների ձեռքբերումների համար, միաժամանակ նորընտիր քաղաքապետ Ս. Գրիգորյանին հաջողություններ մաղթեց, չմոռանալով հավելել, թե անելիքները դեռեւս շատ են, եւ կառավարությունը մեծ ակնկալիքներ ունի նոր համայնքապետից։
Ս.Գրիգորյանը խոստացավ բոլոր ջանքերը ներդնել սիրելի Ստեփանակերտի հետագա բարգավաճմանն ու զարգացմանը։ ՙԵս պարտավորված եմ զգում իմ ընտրողների առաջ եւ ինձնից կախված ամեն ինչ կանեմ համաքաղաքացիներիս վստահությունն արդարացնելու համար՚,—հավաստիացրել է Սուրեն Գրիգորյանը։