Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.55  դրամ
EUR   551.61  դրամ
RUB   7.21  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
16.12.2013   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ <<ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ>> ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Դեկտեմբերի 16-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդունել է ԼՂՀ <<Մայրություն>> հասարակական կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների` կառույցի ղեկավար Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ: Կազմակերպություն, որն Արցախյան ազգային-ազատագրական շարժման հասակակիցն է ու այս տարի բոլորեց ծննդյան 25-ամյակը:

Քաղաքապետարանի անունից ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով կանանց դերը` տնտեսության ամենատարբեր ոլորտներում, երիտասարդ սերնդի դաստիարակության, բանակ-հասարակություն կապի սերտացման և, ընդհանրապես`    պետականաշինության ամրապնդման, մշակութային, հոգևոր արժեքների ստեղծման ու լավագույն ավանդույթների պահպանման գործում, Ս.Գրիգորյանն ընդգծեց, թե  <<Մայրությունը>> երկրում գործող այն հասարակական կազմակերպություններից է , որը միշտ էլ աչքի է ընկել իր ակտիվ գործունեությամբ և հայրենասիրական ձեռնարկումներով, վճռորոշ դերակատարություն ունեցել ինչպես ղարաբաղյան  շարժման ժամանակ, այնպես էլ` պատերազմի ծանր տարիներին: <<Մայրերի խոսքը, նրանց պատգամը`  զավակներին միշտ ոգեշնչել է ռազմական գործողությունների ժամանակ, համախմբել ժողովրդին` վճռական լինելու թշնամու դեմ պայքարում,- նշել է քաղաքապետը: -Այսօր էլ կառույցն իր բարձրության վրա է գտնվում ու շարունակում է մայրական վեհ առաքելությունը` նպաստելով  Արցախի շենացմանը, մեր համընդհանուր խնդիրների լուծմանը: Քաղաքապետարանը  միշտ պատրաստ է լսել և համատեղ քննարկել հասարակական  հնչեղության այն հարցերը, որ մտահոգում են  յուրաքանչյուրիս>>,- ասել է Ս.Գրիգորյանը, համոզմունք հայտնելով, թե <<Մայրությունը>>, որ պատվաբեր ճանապարհ է անցել, այսուհետ առավել սերտորեն կհամագործակցի քաղաքային իշխանությունների հետ:

Կառույցի ղեկավար Հ.Միքայելյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է , թե կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, <<կձգտի ձեռքը միշտ մայրաքաղաքի զարկերակի վրա պահել>> և  իր  անմիջական  մասնակցությունը բերել համաքաղաքային միջոցառումներին:

Հանդիպմանը ներկա կենտրոնական   խորհրդի անդամները հետաքրքրվել են  Ստեփանակերտի հիմնախնդիրներով, իրենց տեսակետները հայտնել քաղաքում իրականացվող համալիր ծրագրերի վերաբերյալ:

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար