Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.87  դրամ
EUR   547.37  դրամ
RUB   7.30  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
13.12.2013   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԿՐԹՕՋԱԽԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Լրացավ հանրապետության կրթամշակութային լավագույն օջախներից մեկի` Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի 20-ամյակը: Տարեդարձ, որն իր արժանի տեղն ունի երկրի մյուս հիշարժան իրադարձությունների շարքում:

Հատկանշանական է, որ կրթօջախը ծնունդ է առել մի այնպիսի բարդ ու դժվարին ժամանակաշրջանում /1993թ./, երբ Արցախում դեռ լայնածավալ  ռազմական գործողություններ էին ընթանում ու երկրի մյուս բնակավայրերի թվում մայրաքաղաքը շարունակվում էր հրետակոծվել թշնամու կողմից: Չնայած ծանր իրավիճակին, իշխանությունները համապատասխան որոշում կայացրին ստեղծագործական կենտրոնի գործունեության ծավալման վերաբերյալ, և անտեսելով վտանգը, ուսուցիչները շարունակում էին  տաղանդավոր երեխաների հետ պարապմունքնրը: Հրադադարից հետո կրթօջախի ղեկավարությունն առավել խանդավառված ձեռնամուխ եղավ դպրոցականների գեղագիտական դաստիարակության գործին` ընդլայնելով խմբերի /դասարանների/ թիվն ու մասնագիտությունների շրջանակը:

Այսօր կենտրոնում ավելի քան 1200 երեխաներ են սովորում, որոնց ուսուցմամբ ու դաստիարակությամբ զբաղված են շուրջ 8 տասնյակ մանկավարժներ ու մասնագետներ:

Դեկտեմբերի 12-ին հոբելյանի առթիվ կենտրոնի տնօրեն, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանի գլխավորությամբ կրթօջախի մի խումբ ներկայացուցիչների հյուրընկալել էր Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Ջերմորեն ողջունելով ներկաներին և շնորհավորելով նրանց նշանակելի իրադարձության կապակցությամբ, նա դրվատանքի խոսքեր է հնչեցրել կրթօջախում ձևավորված հարուստ ավանդույթների, մանկավարժական կոլեկտիվի արգասաբեր աշխատանքի, ստեղծագործական ակտիվ ձեռնարկումների մասին: Քաղաքապետը համոզմունք հայտնեց, որ Ստեփանակերտի մանկապատանեկան  ստեղծագործական կենտրոնը այսուհետ ևս  շարունակելու է իր պատվաբեր առաքելությունը, իսկ նրա սաները`  գեղագիտական իրենց ընդունակություններով ու տաղանդով հիացնելու են հասարակությանը, անմոռանալի պահեր պարգևելով արվեստասերերին` մրցույթներում գրավելու են առաջնակարգ տեղեր:

<<Քաղաքային իշխանությունները բարձր են գնահատում ստեղծագործական կոլեկտիվի այն ջանքերը, որ ուղղված  են մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանը,- իր խոսքում նշել է քաղաքապետ Ս.Գրիգորյանը: - Անցած 20 տարիները վկայում են, որ կենտրոնում, ուր  ուսանում և մասնագիտական կողմնորոշում են ստանում տարբեր նախասիրությունների պատանիներ, մեր երկրի  ապագան է կերտվում և  հպարտանալու առիթներ շատ ենք ունենալու: Հավատացած եմ, որ տարեցտարի սովորողների թիվը կավելանա, նոր ավանդույթներ կսկզբնավորվեն և կենտրոնը լավագույններից մեկը կճանաչվի տարածաշրջանում>>,- ընդգծել է քաղաքապետը:

Կոլեկտիվի անունից երախտագիտություն հայտնելով քաղաքապետարանին` հյուրընկալության և ջերմ մաղթանքների համար, կենտրոնի տնօրեն Լյուդմիլա Բարսեղյանը հավաստիացրել է, թե ամեն ինչ կարվի կրթօջախի անունը բարձր պահելու և ժողովրդի ակնկալիքներն արդարացնելու համար:

Հանդիպման վերջում  Սուրեն Գրիգորյանը, բարեխիղճ աշխատանքի, մատաղ սերնդի դաստիարակության, նրանց ստեղծագործական ընդունակությունների  զարգացման գործում ունեցած  ավանդի և կենտրոնի 20-ամյակի կապակցությամբ, կոլեկտիվի մի խումբ անդամների պարգևատրել է  քաղաքապետարանի պատվոգրերով և հուշանվերներով:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար