Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.80  դրամ
EUR   554.58  դրամ
RUB   7.37  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
15.10.2013   ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒ ԳՈՒՆԵՂ Է ՔԱՂԱՔԻ ՆԵՐԿԱՊՆԱԿԸ

    Անկախ ու ազատ Արցախի մայրաքաղաքն այսօր իր անվանակոչման 90-ամյակն է նշում: Եվ խորհրդանշական է, որ այն համընկնում է համայն հայության հպարտությունը հանդիսացող մայրաքաղաք Երևանի 2795-ամյակի տոնակատարության հետ:

      Հոկտեմբերի 12-ի տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց  Շահումյանի անվան կենտրոնական պուրակում և Վերածննդի հրապարակում, ժամանակակից կոմպոզիտորների` Ստեփանակերտին նվիրված ստեղծագործությունների երգաշարով: Պուրակի մուտքի մոտ պատանիներն ու երիտասարդները մարզական ամենատարբեր խաղեր /այդ թվում` ազգային ավանդական/ և պարեր էին ցուցադրում: Ոմանք նախընտրել էին մասնակցել շախմատի, ուրիշները` բռնցքամարտի, ըմբշամարտի կամ սանտա-ուշուի մրցությանը: Հաղթողներին բնականաբար, արժեքավոր նվերներ էր սպասվում քաղաքապետարանի կողմից: Պուրակի աջ ու ձախ թևերով` Արցախի նկարիչների ստեղծագործություններն էին ցուցադրվում, իսկ հարևանությամբ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաների պլենարային նկարչություն ու ձեռքի աշխատանքներն էր ներկայացված: Ու քանի որ ոչ քիչ գործեր էին այցելուների ուշադրությունը գրավել, վերնիսաժում բացվել էր ցուցահանդես-վաճառք, և նրանց ազատ ընտրություն կատարելու հնարավորությունն էր ընձեռնվել: Քիչ չէր և Ստեփանակերտի օրվա առթիվ այստեղ գտնվող զբոսաշրջիկների և հյուրերի թիվը, որոնք արցախյան թեմայով հուշանվերներ էին գերադասում գնել` իրենց հետ տուն տանելու համար…

     Տոնական օրվա խորհուրդը հյութեղ գույներով էին ներկայացրել երեխաները, որոնք Վերածննդի հրապարակում ասֆալտի վրա Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի աշնանային հարուստ գույներն էին փորձում արևի շողերին միահյուսել… Ու, եթե նախորդ տարիներին պատերազմի թեման անպակաս էր մանուկներից, ապա այս անգամ լուսավոր և գունեղ էր նրանց ներկապնակը:

   Ժամը 11-ին հանրապետության և քաղաքային իշխանությունների անունից ծաղկեպսակ է տեղադրվում Ստեփան Շահումյանի հուշարձանին: Հայ ժողովրդի արժանավոր զավակի հիշատակին հարգանքի տուրք են մատուցում Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը,      Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հազարավոր ստեփանակերտցիներ, Հայաստանից և արտերկրից ժամանած բազմաթիվ հյուրեր:

     Տոնակատարության մասնակիցները Շահումյանի պուրակում շուտով ավանդական <<Քոչարու>> խրխոտ ու հաղթական երաժշտության ներքո հրավիրվում են միասնական շուրջպարի, և հետզհետե ավելի է ընդլայնվում պարահրապարակը: Օրվա միջոցառումների հերթական հասցեատերը` Ստեփանակերտի նորակառույց պատկերասրահն էր, որի հանդիսավոր բացմանը հայրական օրհնանքի իր խոսքը բերելով, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, թե <<այցելուներից յուրաքանչյուրը սրահից դուրս կգա պայծառակերպված>>: Իսկ այստեղ ներկաները ոչ միայն արցախցի նկարիչների լավագույն ստեղծագործություններին ծանոթանալու հնարավորթյուն ունեցան, այլև վայելեցին հայ քանդակագործության նշանակալի դեմքերից մեկի` Սարգիս Բաղդասարյանի բարձրարվեստ գործերի հմայքը: Առավել ուշագրավ է, որ մեծ քանդակագործի ծննդյան  և Ստեփանակերտի անվանակոչման 90-ամյակները համընկնում են իրար` խորհրդանշելով <<Մենք ենք, մեր սարերը>> հայտնի հուշակոթողի և Արցախի հավերժությունը:

      Հոբելյանական միջոցառումները /ժողովրդական տոնախմբությունները/ շարունակվեցին մինչև երեկո և ուղեկցվում էին ուրախ երգ ու երաժշտությամբ, մայրաքաղաքի տարբեր թաղամասերում կազմակերպված համերգներով: Իսկ հաջորդ օրը ստեփանակերտցիներին նոր, հաճելի անակնկալ էր սպասվում: Քաղաքի օրվան հաջորդեց բերքի տոնը` Արցախ աշխարհի աշնան առատ գույներն ու բույրերը տեղափոխվելով Ստեփանակերտի գիրկը…