14.10.2013   ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Ստեփանակերտի օրվա և քաղաքի վերանվանման 90-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է ուղղել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին,  նրանում մասնավորապես ասվում է.

<<Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները հայկական երկրորդ հանրապետության մայրաքաղաքի վերանվանման 90-ամյակի կապակցությամբ:

Ժողովրդավարության  ուղին բռնած վերածնված Արցախի մայրաքաղաքն օր օրի զարգանում և առաջընթաց է արձանագրում քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում` միաժամանակ վերահաստատելով իր հավատարմությունը ժողովրդավարական ու համամարդկային բոլոր առաջադեմ սկզբունքներին:

Հատկապես ուրախալի է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի հետ բարեկամական, գործընկերային կապերի ամրապնդումն ու ընդլայնումը, ինչի դրական արդյունքն արդեն զգալի է մեր երկու մայրաքաղաքների կյանքում:

Վստահ եմ, որ այդ կապերն էլ ավելի  են խորանալու և զարգանալու` ի շահ մեր քաղաքների զարգացման և ի բարօրություն երկու մայրաքաղաքների բնակչության:

Մեկ անգամ ևս շնորհավորելով մայրաքաղաք Ստեփանակերտի օրվա կապակցությամբ, քաջառողջություն, երջանկություն ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում ինչպես Ստեփանակերտի բոլոր բնակիչներին, այնպես էլ Ձեզ, պարոն քաղաքապետ: Համոզված եմ, որ հաղթանակած Արցախի մայրաքաղաքն աշխարհին դեռ շատ բան է ապացուցելու ու այսուհետ հաղթանակներ է գրանցելու բացառապես  խաղաղ պայմաններում>>,- ասված է ուղերձում: