11.10.2013   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի ստեփանակերտցիներ

Քաղաքապետարանի անձնակազմի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ  Ստեփանակերտի ավանդական օրվա և քաղաքի վերանվանման 90-ամյակի կապակցությամբ:

Մենք, իրավամբ, հպարտանալու իրավունք ունենք մեր քաղաքի անցյալով ու ներկայով, նրա արժեքներով: Եվ այդ առումով, կարծում եմ, հոբելյաններն առիթ են հետադարձ հայացք ձգելու մեր անցած ճանապարհին և վերաարժևորելու այն:

1923թ. սեպտեմբերի 20-ին Բաքվի 26 կոմիսարների չարանենգ սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ հրավիրված հանրահավաքում միահամուռ որոշում կայացվեց` ի պատիվ Ստեփան Շահումյանի հիշատակի, մարզկենտրոնը Ստեփանակերտ անվանակոչելու մասին: Կազմավորման օրվանից, հաճախակի հայտնվելով փորձությունների և դժվարությունների հորձանուտում, մաքառել և պատվաբեր ուղի է անցել քաղաքը: Չնայած Ադրբեջանի իշխանությունների կողմից նախկին մարզի ու նրա կենտրոնի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությանը, քաղաքի հայկական ճարտարապետական դիմագիծն ամեն կերպ խաթարելու և արմատներից կտրելու փորձերին, ի շնորհիվ Հայաստանի և Արցախի երևելի արվեստագետների ու ճարտարապետների ազգապահպան առաքելության, հոգևոր-մշակութային կյանքը, թեկուզև մեծ խոչընդոտների պարագայում, շարունակում էր գոյատևել:

1988-ի Արցախյան ազգային-ազատագրական շարժումը մեր ժողովրդի հոգևոր զարթոնքի սկիզբը հանդիսացավ, և Ստեփանակերտը, որպես հարազատ օջախ, իր տանիքի տակ առավ ազատության համար պայքարի ելած զավակներին, նրանց համար դառնալով ոչ միայն գլխավոր հավաքատեղի, այլև ռազմական իրադրության հետ կապված գործընթացները համակարգող կենտրոնակայան: Այս տեսանկյունից անգնահատելի է մայրաքաղաքի դերը` թշնամու դեմ մարդկանց ուժերն համախմբելու և միասնաբար պայքարելու գործում:

Գրեթե 20 տարի է անցել ռազմական գործողությունների ավարտից: Ու մեզնից շատերը, որ ականատեսն ենք եղել մղձավանջային այն դաժան օրերի, մեր շուրջ գրեթե պատերազմի հետքեր չենք տեսնում, կամ պարզապես դրանք շատ չնչին են: Շինարակական-վերականգնողական լայնածավալ աշխատանքների շնորհիվ անճանաչելիորեն փոխվել է քաղաքը, դարձել  հրապուրիչ: Հաջողվել է լուծել առաջնահերթ մի շարք խնդիրներ, որոնց մասին տարիներ շարունակ  երազում էինք: Այսօր մենք ականատեսն ենք այն գործընթացների, որոնք կապիտալ շինարարության  մասով իրականացվում են ամենատարբեր ոլորտներում:Աշխատանքների ծավալման գլխավոր ուղղություններ են հանդիսանում բնակարանաշինությունն ու դպրոցաշինությունը, առողջապահությունը, փողոցների  և զբոսայգիների, բազմաբնակարան շենքերի բակերի վերակառուցումն ու հիմնանորոգումը: Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է մնում  ծայրամասային փողոցների և թաղամասերի բարեկարգումն ու արտաքին լուսավորման խնդիրը: Եկող տարի ավարտին կհասցվի քաղաքի ջրամատակարարման ծրագիրը, ինչը կենսական մեծ նշանակություն ունի բնակչության համար:

 

Սիրելի համաքաղաքացիներ

Որպես հանրապետության մայրաքաղաք, Ստեփանակերտը շարունակ առաջընթաց զարգացում պիտի ապրի, ինչին իր անձնական մասնակցությունը պիտի բերի մեզնից յուրաքանչյուրը: Չմոռանանք, որ Արցախ ժամանած այցելուների մոտ երկրի հանդեպ առաջին տպավորությունը  ձևավորվում է Ստեփանակերտում: Հետևաբար, մեր քաղաքը միշտ մաքուր և գեղեցիկ պիտի լինի բոլորի համար: Իսկ, որպեսզի կարողանանք հասնել դրան,  առավել ուշադիր և սրտացավ պիտի գտնվենք նրա նկատմամբ, մեր աշխատանքով նպաստենք սիրելի մայրաքաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը:

Թանկագին ստեփանակերտցիներ

Օգտվելով առիթից, վերստին շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ, խաղաղ երկինք, երջանկություն: