30.09.2013   ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Հայաստանի և ԼՂՀ մայրաքաղաքներ Երևանի ու Ստեփանակերտի միջև համագործակցության վերաբերյալ ստորագրված համաձայնագրի շրջանակում երկօրյա աշխատանքային այցով Արցախում էր գտնվում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, որը գլխավորում է քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը:

 

     Երևանից ժամանած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ամենատարբեր ոլորտների պատասխանատուներ, սեպտեմբերի 28-ին ստեփանակերտցի գործընկերների հետ այցելել է Հուշահամալիր և Երևանի քաղաքապետարանի անունից ծաղկեպսակ տեղադրել պատվանդանին` մեկ րոպե լռությամբ հարգելով Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակված արցախցիների հիշատակը:

      Քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացած հանդիպման ժամանակ քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը ողջունել է հյուրերին և համոզմունք հայտնել, որ հերթական այցը նույնպես կնպաստի կողմերի  միջև համագործակցության խորացմանը: Այնուհետև երևանցի մասնագետներն ամենատարբեր ուղղություններում և ոլորտներում ծանոթացել են բաժինների գործառույթներին և փորձի փոխանակություն կատարել, ցույց տվել գործնական օգնություն:

Որպես ասվածի ապացույց, Հ.Մուրադյանը ժամանակակից համակարգիչներ նվիրեց Ստեփանակերտի քաղաքապետարանին և <<Սանմաքրում>> ընկերությանը: Շնորհակալություն հայտնելով հերթական նվիրատվության համար, կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը նշեց, թե բավականին շոշափելի են համագործակցության արդյունքում ձեռք բերված հաջողությունները` մասնավորապես կրթական համակարգում, ուր վերջին մեկ տարում զգալի առաջընթաց է արձանագրվել:

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար