25.01.2012   Հուշահամալիրը կառուցապատվում, բարեկարգվում է

Նախանշված ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի հուշահամալիրի տարածքում շարունակվում են կառուցապատման և բարեկարգման աշխատանքները: Գործընթացի առաջին փուլն այստեղ արդեն ավարտին է հասցվել: Եվ արդյունքում մասամբ տեսանելի ու շոշափելի են փոփոխությունները: Վերակառուցվում են հենապատերը և երեսապատվում սալիկներով, գեղարվեստական փոփոխության են ենթարկվում, ճարտարապետական հաճելի տեսք ստանում նախկինում կառուցված հարթակները, նորացվում աստիճանավանդակները:

Շինարարական աշխատանքներն իրականացնող <Վերանորոգման շինարարական տնտեսություն> ՓԲԸ ղեկավարության հավաստմամբ, պատշաճ որակ ապահովելու նպատակով, մասնագետների գործունեությունն անմիջապես վերահսկվում է նախագծի հեղինակի և ԼՂՀ քաղաքաշինության նախարարության համապատասխան տեսչության կողմից: Հուշահամալիրի կառուցապատումը կամբողջանա և այն տոնական տեսք կստանա մայիսյան եռատոնի` Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի ծննդյան և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի նախաշեմին: