Հարգելի հայրենակիցներ, սիրելի ստեփանակերտցիներ,
Հունվարի 28-ը մեր տոնացույցի ամենանվիրական օրերից մեկն է: Այդ օրը Հայկական բանակի կազմավորման հերթական տարեդարձն ենք նշում: Իսկ Արցախում օրը լրացուցիչ խորհուրդ ունի: Այն Հայրենյաց պաշտպանի օր է հռչակվել: Մենք՝ ստեփանակերցիներս, լավ ենք պատկերացնում և խաղաղության գինը, և այն պահպանողի՝ Հայրենյաց պաշտպանի դերը: Վստահ եմ, շատերը դեռ հիշում են հրետակոծվող, ռմբակոծվող Ստեփանակերտը: Սակայն անգամ այդ օրերին մայրաքաղաքը մնաց իր բարձրության վրա, կարողացավ դիմակայել ու ապրել: Սա մարտահրավեր է մեզ՝ Ստեփանակերտի այսօրվա բնակիչներիս ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներիս համար: Այդ դժվարությունները հաղթահարած քաղաքը զարգացման հսկա ներուժ ունի. պարզապես այն պետք է բացահայտել ու բացահայտել՝ ամեն օր:
Ազատամարտից Ստեփանակերտը բարոյական մեծ ժառանգություն է ստացել: Մայրաքաղաքի կենտրոնական փողոցը Ազատամարտիկների անունն է կրում, բազմաթիվ այլ փողոցներ նոր շրջանի ռազմական ու քաղաքական գործիչների անուններն են ստացել՝ մեծերի գործերը արժևորելու հետ մեզ նաև ամեն օր, ամեն ժամ զգոնության կոչ անելով: Մենք պետք է պատրաստ լինենք ամեն օր դառնալ և՛ պատերազմող երկրի մայրաքաղաք, և՛ միջազգայնորեն ճանաչված պետության մայրաքաղաք: Այսօրվա տոնը պարզապես առիթ է այս երկու ճակատներում մեր արածը գնահատելու և հետագա անելիքները ծրագրելու համար: Շնորհավո՛ր Հայկական բանակի ծնունդը, շնորհավո՛ր Հայրենյաց պաշտպանի տոնը: