18.10.2019   ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՍՏԱՆՁՆԵՑ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՊԵՏՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԵՏ

 

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 8-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով, ձայների բացարձակ մեծամասնությամբ Ստեփանակերտի նոր քաղաքապետ է ընտրվել Դավիթ Ալբերտի Սարգսյանը:

Հոկտեմբերի 18-ին, իր լիազորությունների ստանձնմանն  անցնելու կապակցությամբ, Արցախի Հանրապետության  պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Ստեփանակերտի քաղաքապետարանի  անձնակազմին  և համայնքի նորընտիր  ավագանու անդամներին է ներկայացրել Դավիթ Սարգսյանին:

Պետնախարարը նշեց, թե ստանալով ստեփանակերտցիների վստահության քվեն, Դավիթ Սարգսյանը պարտավորվել է  լինել մայրաքաղաքի արժանի ղեկավար և համայնքային տնտեսության արդյունավետ կառավարիչ: Գ.Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ դրսևորելով  անհրաժեշտ  նախաձեռնություն, սրտացավ վերաբերմունք ու հետևողականություն, Ստեփանակերտը զարգացման նոր փուլ կթևակոխի: <<Ակնկալում եմ բարեփոխումներ` քաղաքային տրանսպորտի, բնակկոմունալ տնտեսության ոլորտներում, մայրաքաղաքի ճարտարապետաշինարարական դիմագծի բարելավում, քաղաքացիների հարցադրումներին` օպերատիվ և լիարժեք արձագանքում,- ասաց պետնախարարը: - Ստեփանակերտցին ցանկանում է ապրել բարեկեցիկ ու բարեկարգ քաղաքում և հենց այդ հավատով են համաքաղաքացիները քվեարկել նորընտիր քաղաքապետի և ավագանու օգտին,- հավելեց պարոն Մարտիրոսյանը` հաջողություններ մաղթելով նոր քաղաքապետին և ավագանու անդամներին, լիահույս լինելով, որ համատեղ աշխատանքն անպայման ցանկալի արդյունքներ կտա:

Պետական նախարարն անդրադառնալով արդեն նախորդ քաղաքապետի գործունեությանը, նշեց, որ շուրջ 8 տարի քաղաքային տնտեսությունը ղեկավարել է Սուրեն Գրիգորյանը, և նրա կառավարման շրջանում պետական ու համայնքային ծրագրերով  քաղաքային տնտեսության, բնակարանաշինության, ջրամատակարարման և այլ ոլորտներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Գ.Մարտիրոսյանն ընդգծեց, թե նվիրված աշխատանքի և կառավարչական հմտությունների շնորհիվ, վերջին տարիներին բավականին ձեռքբերումներ են արձանագրվել, ինչի կապակցությամբ հանրապետության նախագահի, կառավարության և իր անունից նա շնորհակալություն հայտնեց Ս.Գրիգորյանին, ինչպես նաև ավագանու նախկին անդամներին` մայրաքաղաքի զարգացմանը նպաստելու համար:

Պատասխան խոսքում Սուրեն Գրիգորյանը  շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին ու Ստեփանակերտի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին` համատեղ աշխատանքի և փոխըմբռնման, ինչպես նաև հանրապետության ղեկավարներին`Ստեփանակերտին և քաղաքապետարանին ցուցաբերած աջակցության համար: Նա անցած ժամանակաշրջանում իրականացված կարևորագույն ծրագրերի շարքում մասնավորապես կարևորեց կենսական նշանակության այնպիսի խնդիրների լուծումը, որոնց տարիներ շարունակ սպասում էր մայրաքաղաքի բնակչությունը: Առիթից օգտվելով Սուրեն Գրիգորյանը շնորհավորեց նոր քաղաքապետին և ավագանու անդամներին ու մաղթեց արգասաբեր, արդյունավետ աշխատանք նոր ծրագրերի իրագործման գործում` ի նպաստ Ստեփանակերտի զարգացման և բարգավաճման:

Քաղաքապետի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ, Դավիթ Սարգսյանը վստահեցրեց, որ ամեն ինչ կանի իր ընտրյալների` մայրաքաղաքի բնակչության սպասելիքներն արդարացնելու համար, գործընկերների հետ` մեկ միասնական թիմով կշարունակի նախորդների լավագույն ավանդույթները, արդյունավետ գործունեությամբ կձգտի դառնալ ոչ միայն  համայնքի դեմքը, <<այլև ապրել յուրաքանչյուր քաղաքացու հոգսերով, հետամուտ լինել դրանց լուծմանը, որպեսզի մարդիկ վստահ լինեն վաղվա լավ օրվա նկատմամբ>>:

Վերջում պետնախարար Գ.Մարտիրոսյանը, միշտ պատրաստակամ լինելով աջակցել, վստահություն հայտնեց, որ նոր քաղաքապետը մեկ ամսվա ընթացքում կհասցնի հստակեցնել առաջնահերթությունները և ձեռնամուխ լինել դրանց իրագործմանը: 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն