10.10.2019   ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ <<ՈՍԿԵ ԱՇՈՒՆԸ>>

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐՈՎ

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինն ամեն տարի բոլոր եղանակներին համահունչ կազմակերպում է հետաքրքիր միջոցառումներ` ընդգրկելով մայրաքաղաքիչ մշակութային օջախների շնորհաշատ սաներին:

Բերքառատ և գունեղ աշնան յուրահատուկ փառաբանումը նույնպես դուրս չմնաց քաղաքապետարանի տեսադաշտից: Այն մեղմ ու հաճելի աննկարագրելի գեղեցկություն ունեցող եղանակ է, ու զարմանահրաշ իր գույներն է շռայլորեն սփռում ամենուր: Աշունը հոգու ջերմություն է պարգևում բոլորին, ստեղծում հրաշալի տրամադրություն, մանավանդ երբ ունկնդրում ես երեխաների համուհոտով ելույթները:

<<Ոսկե աշուն>> միջոցառմանը, որ բանաստեղծություններով, երգերով ու պարերով հանդես են եկել մայրաքաղաքի Հ.Գյուրջյանի անվան արվեստի և Կոմիտասի անվան երաժշտական դպրոցների սաները, կազմակերպվել է նաև նկարչության մրցույթ:

<<Ոսկե աշնան>> վերաբերյալ իրենց ընկալումներն ու պատկերացումներն առավել վառ արտահայտած երեխաները քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են հուշանվերով:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն