27.09.2019 ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ <<ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ>> ԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՉՔԻ ԸՆԿԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
Ինչպես հայտնի է, քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների` 9-12-րդ դասարանների սովորողների շրջանում անցկացվել են <<Ստեղծագործում են աշակերտները>> և Ստեփանակերտին նվիրված ասմունքի մրցույթներ, որոնց մասնակցել են շուրջ յոթ տասնյակ շնորհալի աշակերտներ, ցուցաբերել ստեղծագործական իրենց ընդունակություններն ու մայրաքաղաքի նկատմամբ ունեցած անսահման սերը: Մրցույթների արդյունքում առաջին, երկրորդ և երրորդ պատվավոր տեղերը զբաղեցրած սովորողները Ստեփանակերտի քաղաքապետի կողմից արժանացել են պատվոգրերի և արժեքավոր նվերների: Բնականաբար, խրախուդվել են նաև նրանց մայրենի լեզու և գրականության դասավանոդ ուսուցիչները: Քաղաքապետարանի նիստերի դահլիճում հյուրընկալվել են մրցույթում առավել աչքի ընկած աշխակերտներն և նրանց ուսուցիչները: Քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը ջերմորեն շնորհավորել է նրանց և մաղթել խաղաղություն, հաջողություններ` ուսման մեջ և անձնական կյանքում: <<Ուրախ եմ, որ ամեն անգամ նորանոր հաղթողներ ենք տեսնում դահլիճում և տարեցտարի ընդլայնվում է մրցույթի մասնակիցների թիվը, - իր խոսքում նշեց Թ.Ղարախանյանը: -Մնում է ենթադրել, որ ինչպես աշակերտների հետաքրքրությունն ու պատասխանատվությունն է մեծանում ավանդական մրցույթի նկատմամբ, այնպես էլ ուսուցիչների տքնանքը և անդուլ աշխատանքի արդյունքն է առավել նկատելի դառնում>>: Նրա խոսքով երեխաները մեր երկրի ապագան են, որոնք պիտի զինվեն հարուստ գիտելիքներով և դառնան արհեստավարժ մասնագետներ, գիտնականներ, բժիշկներ, շինարարներ, գրողներ, արվեստագետներ, մանկավարժներ, իրենց ուժն ու եռանդը նվիրաբերեն Արցախի պետականության ամրապնդմանն ու երկրի բարգավաճմանը: Մրցույթներում աչքի ընկնելու և քաղաքի օրվա կապակցությամբ ներկաներին շնորհավորանքի խոսքեր ուղղեց նաև Ստեփանակերտի քաղաքապետի օգնական Կառլեն Մարգարյանը: Այնուհետև տիկին Ղարախանյանը հանդիսավոր պայմաններում պատվոգրեր ու արժեքավոր նվերներ է հանձնել մրցանակային տեղեր գրաված դպրոցականներին և նրանց ուսուցիչներին: Պարգևատրվածների անունից մայրաքաղաքի հ.7 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Պողոսյանը քաղաքապետարանի անձնակազմին շնորհակալություն է հայտնել մատաղ սերնդի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի և բարձր գնահատանքի համար, բոլորին շնորհավորել քաղաքի օրվա կապակցությամբ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |