26.09.2019 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Է ՍԹՐՈՎՈԼՈՍԻ /ԿԻՊՐՈՍ/ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՍԿԶԲՆԱՎՈՐՎԵՑԻՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքային համայնքի ավագանու նիստերի դահլիճում հյուրընկալել է աշխատանքային այցով Արցախում գտնվող Կիպրոսի Սթրովոլոս քաղաքի քաղաքապետ Անդրեաս Պապախարալամուսի գլխավորած պատվիրակության անդամներին, որի կազմում են փոխքաղաքապետ Աննա Կարիդեսը, քաղաքային խորհրդի անդամներ, այլ ներկայացուցիչներ: Նրանց ուղեկցում է Հայոց Դատի Եվրոպայի հաանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը: Ողջունելով հյուրերին, Ստեփանակերտի քաղաքապետ Ս.Գրիգորյանը բարձր գնահատեց երկու ժողովուրդների միջև ստեղծված ավանդական բարեկամությունը, որ դարերի պատմություն ունի և, դիմանալով փորձություններին, միշտ էլ հավատարիմ է մնացել դավանած սկզբունքներին, բոլոր ժամանակներում մնացել անխաթար ու անսասան: Քաղաքապետը զուգահեռներ անցկացնելով հայերի և կիպրոսցիների անցած ճանապարհներին, նշեց թե երկու ժողովուրդներն էլ ճակատագրով դատապարտված են եղել պայքարել թշնամու դեմ և պահպանել իրենց ինքնությունը, լեզուն և մշակույթը: <<Ուրախ ենք, որ չնայած որոշ դժվարությունների, Կիպրոսի Հանրապետությունը շարունակում է տնտեսապես զարգանալ: Արցախ կատարած այցը, դիտարկելով որպես Ստեփանակերտի ու Սթրովոլոս քաղաքների միջև սկզբնավորվող բարեկամության և համագործակցության անժխտելի իրողություն, վստահ եմ, որ տարեցտարի կապերն ավելի կամրապնդվեն ու կխորանան և հպարտանալու առիթներ անպայման կլինեն>>: Հյուրերի խնդրանքով քաղաքապետ Ս.Գրիգորյանը, որպես հին բնակավայր, անդրադարձել է Ստեփանակերտի պատմությանը, ավանդույթներին, պատմամշակութային արժեքներին; Նշել է, թե Արցախին պարտադրված դաժան պատերազմի տարիներին, քաղաքն ինչպես է թշնամու կողմից հրետակոծվել ու ավերվել և համայն հայության աջակցությամբ վերականգնվել: <<Եթե երկու տասնամյակ առաջ այցելած լինեիք այստեղ` կտեսնեիք թե ինչպիսի ավերածությունների է ենթարկվել քաղաքը,- ասաց քաղաքապետը: - Վերջին 10 տարիներին այն անճանաչելիորեն վերափոխվել, վերակառուցվել է, բարեկարգվել ու հմայիչ տեսք ստացել: Դրանում համոզվելու համար, կխնդրեի բերդաքաղաք Շուշիից հայացք ձգել Ստեփանակերտին և <<հանրագումարել>> ձեր տեսակետները>>: Այնուհետև նա պատվիրակության անդամներին ծանոթացրել է մայրաքաղաքի խնդիրներին և զարգացման նոր ծրագրերին: Պատասխան խոսքում Սթրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապախարալամուսը պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ընդգծեց, թե Արցախ ոտք դնելուց` այն զգացումն է ունեցել, որ դարձյալ գտնվում է <<հայկական հյուրընկալ հողում>>: Նրա տեղեկացմամբ, Սթրովոլոսն իր տարածքով Կիպրոսի երկրորդ մեծ շրջանն է համարվում, ուր տնտեսության հետ զարգանում են կրթությունն ու մշակույթը, առաղջապահությունը: Քաղաքում առանձնակի ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի, հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Հատկանշական է, որ քաղաքապետարանը բոլոր ոլորտներում սերտորեն համագորակցում է 5 հազար բնակչություն ունեցող տեղի հայ համայնքի հետ ու համատեղ ոչ քիչ ծրագրեր են իրականացվում: Վերջում քաղաքապետներ Սուրեն Գրիգորյանն ու Անդրեաս Պապախարալամուսը խորհրդանշական հուշանվերներ են փոխանակել: Ճանաչողական այցով հանրապետությունում գտնվող կիպրոսցիները հանդիպումներ կունենան երկրի ղեկավարության հետ, կծանոթանան պատմամշակութային հուշարձաններին, կայցելեն կրթօջախներ, կմասնակցեն քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Հանդիպմանը ներկա են գտնվել Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանը, Արմեն Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը, Ստեփանակերտի քաղաքային համայնքի անդամներ Ռադի Միքայելյանը և Ալբերտ Գոտանյանը, այլ պատասխանատուներ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |