06.08.2019   ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը օգոստոսի 6-ին ընդունել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի հանդիսավոր բացմանը ներկա գտնվելու նպատակով Ստեփանակերտ ժամանած ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին:

Ողջունելով գործընկերոջը` Ս.Գրիգորյանը  արգասաբեր գործունեություն և նորանոր հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու պաշտոնում  և համոզմունք հայտնել, որ ներկա այցը կնպաստի  փոխվստահության ամրապնդմանը և  գործընկերային հարաբերությունների հաստատմանը: Հաշվի առնելով, որ Վ. Ղարփեթյանն   առաջին անգամ է Արցախում և այցը  համընկնում է մարզական մեծ տոնի մեկնարկի հետ, Սուրեն Գրիգորյանը նրան վստահեցրել է, որ <<Ստեփանակերտում հետաքրքիր և հագեցած օրեր են սպասվում>> և անպայման կարդարացվեն նրա ակնկալիքները:

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամն  իր հերթին Ստեփանակերտի գործընկերոջը  շնորհակալություն է հայտնել ջերմ  հյուրընկալության և սրտառուչ խոսքերի համար ու նշել, թե  Արցախից իր  հետ միայն անմոռանալի հիշողություններ կտանի: Վարդան Ղարփեթյանը նույնպես ընդգծել է Համահայկական ամառային խաղերի նշանակությունը` Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդման համատեքստում: Հաշվի առնելով, որ Գլենդելի փողոցներից մեկը 2018 թվականից վերանվանվել է ու կոչվում է <<Արցախի փողոց>>, պարոն Ղարփեթյանն ընդգծեց, թե իր կողմից բոլոր ջանքերը կգործադրվեն Ստեփանակերտն ու Գլենդելը քույր քաղաքներ ճանաչելու համար:

Վերջում քաղաքապետ Ս.Գրիգորյանը հուշանվերներ է հանձնել պատվավոր հյուրին:

Հանդիպմանը ներկա են գտնվել Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն