13.06.2019 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հայկական երկու մայրաքաղաքների միջև` համագործակցության և բարեկամության մասին ստորագրված համաձայնագրի շրջանակում, ամենատարբեր բնագավառներում շարունակվում են սերտաճել կապերն ու շփումները: Տարեցտարի ընդլայնվում, խորացվում են փոխգործակցության ուղղությունները, նոր որակ են ձեռք բերում Ստեփանակերտի ու Երևանի քաղաքապետարանների միջև սկզբնավորված գործընկերային հարաբերությունները: Ասվածի մասին է հավաստում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակության առաջին պաշտոնական այցը` Արցախի Հանրապետություն, որի ներկայացուցչական կազմում ընդգրկվել են քաղաքապետարանի պատասխանատուներ, ավագանու անդամներ, ինչպես նաև տարբեր խմբակցությունների ղեկավարներ: Հունիսի 13-ին Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստերի դահլիճում հյուրընկալելով Երևանի քաղաքապետին ու նրա գլխավորած պատվիրակության անդամներին, Սուրեն Գրիգորյանը ջերմորեն ողջունել է նրանց և համոզմունք հայտնել, որ համագործակցության շրջանակներն ավելի կընդլայնվեն, տնտեսական ու մշակութային կապերի ակտիվացման արդյունքում` կիրականացվեն մի շարք բազմակողմ նոր ծրագրեր և նախագծեր: Ստեփանակերտի քաղաքապետ Ս.Գրիգորյանն անցած տարիների փոխգործակցությունը համարելով արգասաբեր, հյուրերին է ներկայացրել հաջողված այն ծրագրերը, որոնք համատեղ իրագործվել են տնտեսության կառավարման ոլորտում. ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման, առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի, տուրիզմի և սպորտի, համայնքային գույքի կառավարման, բնապահպանության և կանաչապատման, կոմունալ տնտեսությունների ու ենթակառուցվածքների զարգացման բնագավառներում: Որպես երկու մայրաքաղաքների միջև հաստատված բարեկամության խորհրդանիշ, Ս.Գրիգորյանն ընդգծեց Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում` կառուցված Ազատամարտիկների այգին, որ դարձել է ոչ միայն քաղաքի բնակիչների, այլև բոլոր արցախցիների և հյուրերի սիրած վայրերից մեկը: <<Երևանի քաղաքապետարանի կողմից լայն աջակցություն է ցուցաբերվել մասնագետների վերապատրաստմանն ու կատարելագործմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Անշուշտ, մեր կապերի սերտացման մասին է փաստում և այն իրաղությունը, որ անցած տարիներին մայրաքաղաքի պատվիրակությունների կողմից 300-ից ավելի փոխայցելություններ են կատարվել: Վստահ եմ, որ բարեկամության կամուրջներն էլ ավելի կամրապնդվեն, փոխայցելությունների, հարուստ փորձի փոխանակման արդյունքում` կշահեն թե Երևանն, և թե Ստեփանակերտը, - նշեց Սուրեն Գրիգորյանը: - Մեր քաղաքը գտնվում է զարգացման փուլում և իրականացվում են տնտեսական և սոցիալական նշանակության բազմաթիվ նոր ծրագրեր: Մենք երկու քաղաքապետարանների միջև փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ ունենք և հավատացած եմ, որ այն առավել արդյունավետ օգտագործելու դեպքում` լրջագույն ձեռքբերումների կարող ենք հասնել բոլոր բնագավառներում>>, - ընդգծել է Ստեփանակերտի քաղաքապետը: Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հավաստիացրել է, թե իր կողմից արվելու է հնարավորը` երկու մայրաքաղաքների միջև ձևավորված ավանդական կապերը զարգացնելու և էլ ավելի ամրապնդելու համար: <<Պարոն քաղաքապետ, ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ փոխգործակցության շրջանակներն ավելի ընդգրկուն և բազմաշերտ են լինելու, - ասաց Երևանի քաղաքապետը:- Աշխատանքային խմբերին արդեն հանձնարարված է հստակեցնել նոր ծրագրերը, որոնք մասնավորապես ներառում են կրթության և մշակույթի, զբոսաշրջության ոլորտները ու ձեռնամուխ լինել դրանց անշեղ իրագործմանը: Ես կարևորում եմ նաև Երևանի վարչական շրջանների սերտ կապը` Արցախի տարբեր շրջանների հետ և կձգտենք, որպեսզի ամենատարբեր ուղղություններում համագործակցությունը լինի արդյունավետ, շարունակական>>: Հ.Մարությանը նշեց, թե արդեն <<առիթներ որոնվում են>> ավելի հաճախակի Ստեփանակերտ այցելելու համար` այդ շարքում առանձնացնելով օգոստոսին Արցախում կայանալիք Համահայկական խաղերի անցկացումը, որին միայն Երևանից իրենց մասնակցությունը կբերեն շուրջ 370 մարզիկներ: Նա, որպես նշանակալի իրադարձություն, ընդգծեց և անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպումը` Ստեփանակերտում: Հանդիպմանը քննարկվել է համագործակցության ծրագրերի իրագործման ընթացքը, ինչպես նաև անդրադարձ է եղել առաջիկա անելիքների վերաբերյալ: Պաշտոնական հանդիպման ավարտին քաղաքապետներ Սուրեն Գրիգորյանն ու Հայկ Մարությանը հուշանվերներ են փոխանակել: Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությանը Ստեփանակերտի <<Մենք ենք մեր սարերը>> հուշարձանի մոտ ավանդական աղուհացով են դիմավորել տանտերերը: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Հուշահամալիր և Երևանի քաղաքապետարանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել հուշարձանին: Պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել նաև արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հիշատակին` ծաղիկներ խոնարհելով ննջեցյալների շիրիմներին: Պատվիրակության անդամները` Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ շրջել են Ազատամարտիկների նորաբաց ծաղկուն այգում, ծանոթացել իրականացված մեծածավալ աշխատանքներին, իրենց տպավորությունները կիսել ստեղծված արժեքների վերաբերյալ: Երևանի քաղաքապետի այցի շրջանակում, երեկոյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում կայացել է <<Հայաստանի փոքրիկ երգիչները>> երգչախմբի համերգը, որը երաժշտասերների կողմից ընդունվել է ոգևորությամբ, ջերմ ծափերով: Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանն ընդունել ու երկու քաղաքապետարանների միջև շարունակվող փոխգործակցությունը կարևորել և բարձր են գնահատել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը և պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |