29.05.2019 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ
Քաղաքապետ Սուրե Գրիգորյանը մայիսի 29-ին հյուրընկալել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին, քաղաքապետը բարձր է գնահատել երկու քաղաքապետարանների միջև սկզբնավորված այն բարի ավանդույթները, որոնք դրսևորվում են ամենատարբեր ուղղություններում: Դրա լավագույն օրինակներից մեկը համարելով պատվիրակությունների փոխայցելությունները, Ս.Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ դրանք շարունակական բնույթ կկրեն և փորձի փոխանակման, միմյանց ավելի լավ ճանաչելու առումով, կնպաստեն համագործակցության խորացման ու բարեկամության ամրապնդմանը: Կրթական համակարգը, համարելով ազգային անվտանգության ապահովման կարևորագույն կամուրջներից մեկը, քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց աջակցել Ստեփանակերտում և Երևանում համատեղ իրականացվող կրթական ծրագրերին: Այդ համատեքսում նա դրվատելի քայլ որակեց Երևանի Արաբկիրի վարչական շրջանի N51 և Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան հիմնական դպրոցների միջև համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրման վերաբերյալ որոշումը, ինչը մանկավարժական փորձի փախանակման, լավագույն ավանդույթների զարգացման տեսանկյունից, լայն հեռանկարներ է խոստանում: Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը վստահեցրեց, թե փոխշահավետ նման ծրագրերի մշակումն ու իրագործումը կմնա առաջնահերթ խնդիրների օրակարգում և անպայնման իրենց արդյունավետ լուծումը կստանան: Վերջում Ս.Գրիգորյանն ու Ա.Ստեփանյանը, ավանդույթի համաձայն, հուշանվերներ են փոխանակել: Հանդիպմանը ներկա են գտնվել ԿԳՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը և քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |