08.05.2019 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ-ԳՐՈՂ ԱՐԻՍ ԱՐՍԵՆԻԻ /ԳՐԻԳՈՐՅԱՆ/ ՀԵՏ
Այս օրերին ողջ հայ ժողովուրդը տոնում է իր ամենանվիրական տոնրից մեկը` Մայիսյան եռատոնը` Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-րդ, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձը: Տոնին համահունչ, հանդիպում կազմակերպվեց Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի ընթերցասրահում` տնօրեն Մարիա Խաչատրյանի ղեկավարությամբ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր նահատակների հիշատակը, ովքեր ընկան հանուն հայրենիքի, հանուն պայծառ ապագայի: Գրադարանը հյուրընկալել էր ազատամարտիկ-բանաստեղծ Արիս Գրիգորյանին, ով Արցախի ազգային-ազատագրական շարժման գործուն մասնակիցներից է: Նվիրյալ ազատամարտիկի հետ հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, ԱՀ ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի առաջին կարգի մասնագետ Թամարա Խաչատրյանը, գրական ընտանիքի անդամներ, այլք: Գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը ներկայացնելով Արիս Արսենիի կենսագրական տվյալները ` նշեց նաև, որ 1990-1991թթ. <Դավիթ Ջրաբերդ> ծածկանվամբ, Արիսը խմբագրել է <Պայքար> ընդհատակյա թերթը, որը հանդիսանում էր ՀՅԴ-ի միակ խոսնակն Արցախում: Իսկ 1995-ից մինչև 2009թվականն աշխատել է <Մարտիկ> թերթում` որպես լրագրող: Բանաստեղծի գրչընկեր, գործընկեր Կիմ Գաբրիելյանը հաղորդակցվելով իր հուշերով` նշեց, որ Շարժման ժամանակ Արցախի ներքին գործերի նախարարության հերթապահ բաժնից թշնամու կողմից սահմանամերձ գյուղերում սպանությունների, առևանգումների, գողությունների հետ կապված, ամփոփ տեղեկատվություն էր հավաքում Արիսը և <Արցախ> հանդեսում տպագրում էր <Արցախյան իրադարձությունների փոստարկղ> խորագրի ներքո: Արիս Գրիգորյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ <Անբասիր ծառայության համար> առաջին աստիճանի /2006/, ԼՂՀ <Մայրություն> հիմնադրամի <Մայրական երախտագիություն` Արցախի քաջորդիներին> /2008/, ԼՂՀ <Մարտական ծառայություն> /2012/, ԼՂՀ <Վաչագան Բարեպաշտ> /2018/ և մի շարք այլ մեդալներով ու պատվոգրերով, ինչպես նաև արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան /2004/ և Արցախի ժուռնալիստների միության /2005/ ամենամյա մրցանակներին:
|
< Վերադառնալ |