08.05.2019 ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԵՌԱՏՈՆԻՆ ՆՎՒՐՎԱԾ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Մայիսի 7-ին` քաղաքապետարանի նիստերի դահլիճում, տեղի ունեցավ Մայիսյան եռատոնին նվիրված ստեղծագործական շարադրությունների մրցույթի պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Քաղաքապետի օգնական Կառլեն Մարգարյանը միջոցառման բացման խոսքում կարևորելով եռատոնի խորհուրդը` աշակերտներին ևս մեկ անգամ հիշեցրեց մայիս ամսի` հայերի կյանքում տեղի ունեցած կարևոր հաղթանակների վերաբերյալ: -Ընթերցելով ձեր շարադրությունները` հպարտությամբ պիտի փաստել, որ յուրաքանչյուրի մեջ առկա է <<ոսկու>> հատիկ, ինչը ևս մեկ անգամ հավաստումն է այն բանի, որ մեր հայրենիքի ապագան հուսալի ձեռքերում է,- նշեց Կ.Մարգարյանը` հավելելով` դուք ևս հայրենիքի զինվոր եք, եթե զինվորը զենքով է պայքարում, դուք էլ նույն պայքարն իրականացնում եք գրչով: Պատվոգրերն ու նվերները հանձնելու պատիվը տրվեց փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանին և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանին, ովքեր ևս շնորհավորեցին ներկաներին Եռատոնի առիթով`աշակերտներին ուսման բնագավառում մաղթելով հետագա հաղթանակներ, ուսուցիչներին` առավել ուժ ու եռանդ: Պատվոգրերով և նվերներով պարգևատրվեցին ոչ միայն 1-ից 3-րդ տեղ զբաղեցրած աշակերտները, այլև` նրանց դասավանդող ուսուցիչները: Շնորհակալանքի խոսք հնչեցրեցին ուսուցիչներն ու աշակերտները` իրենց աշխատանքը գնահատելու համար: Վերջիններս ևս մեկ անգամ խոստացան լինել իրենց հերոս հայրերի ու եղբայրների արժանի հետնորդները: -Աստված մի արասցե, եթե հարկ լինի` պատրաստ եմ նաև գրիչը փոխարինել զենքով,- խրոխտ հայտարարեց համար 8 միջնակարգ հոսքային դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Նորայր Բաբայանը` որպես ասվածի հավաստում արտասանելով նաև <<Նաիրյան դալար բարդի>> հայրենաշունչ բանաստեղծությունը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |