07.05.2019   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսյան եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտի պատասխանատուների այցերը ԱՀ ՊԲ տարբեր զորամասեր արդեն բարի ավանդույթ են դարձել: Հերթական այցն առաջնագիծ մայիսի 5-ին էր, որը համահունչ էր քաղաքապետարանի կողմից մշակված միջոցառումների ծրագրին: Աշխատախմբի անդամները` փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ, տեղում ծանոթացան զորամասի  հրամանատարության, սպաների և զինվորների հետ և քննարկեցին ծառայության կազմակերպմանը վերաբերող բազում հարցեր: Այնուհետև, հրամանատարական կազմի ուղեկցությամբ խումբն ուղևորվեց  առաջնագիծ` շնորհավորելու դիրքապահ զինվորներին և նրանց բարի ծառայություն մաղթերու:

Փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի իրազեկմամբ, ամեն անգամ այցելելով դիրքեր` մեծ ոգևորությամբ են վերադառնում` համակվելով թեթևության զգացումով:

-Նրանց մարտական ոգին տրամադրող է և վարակում է լավատեսությամբ,- ընդգծեց փոխքաղաքապետը:

Ստեփանակերտի քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության բաժնի պետ Սամվել Ղուլյանի տեղեկատվությամբ, տեղում հայրենիքի պաշտպաններին հանձնվեցին քաղաքապետարանի կողմից պատրաստված կապոցները:

-Իրար բարեմաղթանքներ հղելով և շնորհավորելով միմյանց` հրաժեշտ տվեցինք` նորից հանդիպելու ակնկալիքով,- նշեց Ս.Ղուլյանը: 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն