06.05.2019 ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ` ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Մայիսի 6-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանի նիստերի դահլիճում հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպել` Գերմանական ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի 74-րդ տարեդարձի, Պաշտպանության բանակի օրվա և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ` հրավիրելով Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի մի խումբ պանծալի մասնակիցների: Միջոցառումն ընթացավ տոնականորեն ծանրաբեռ սեղանների շուրջ: Ողջյունի և մեծարանի խոսքով հանդես եկավ նախ` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: -Վերջին տարիներին Ստեփանակերտի քաղաքապետարանում բարի ավանդույթ է դարձել` Մեծ եռատոնի նախաշեմին հյուրընկալել Հայրենական Մեծ պատերազմի, ինչպես նաև` Արցախյան գոյամարտի վետերաններին` ևս մեկ անգամ արժևորելով նրանց անցած փառավոր մարտական ուղին: Ուզում եմ բոլորիդ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել` այս փառապանծ Եռատոնի կապակցությամբ: Մենք գտնվում ենք մեր ժողովրդի համար շատ թանկ և հիշարժան իրադարձության շեմին: Սրանք տոներ են, որ առիթ են հանդիսանում ևս մեկ անգամ վերարժևորելու մեր պապերի և հայրերի անցած փառավոր մարտական ուղին: Հայրենական Մեծ պատերազմի վետերանների անցած ճանապարհը միշտ էլ ուղեցույց է եղել երիտասարդության համար Արցախյան Գոյամարտի տարիներին, նաև` Ապրիլյան պատերազմի ժամանակ, մեր ազատամարտիկները և երիտասարդությունը պատվով հանձնեցին իրենց բաժին հասած քննությունը: Եվ այսօր` վերարժևորելով մեր հաղթանակները թե մարտի դաշտում, թե տնտեսական ոլորտներում, չենք կարող երախտիքի խոսքեր չասել նաև հազարավոր այն նահատակների հասցեին, ովքեր ծանր մարտերի ժամանակ մնացին մարտի դաշտում: Եկեք ասենք` փառք մեր զոհված տղաներին` ոտնկայս հարգելով նրանց հիշատակը: Ապրիլյան պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը մեկ անգամ ևս իր վճռականությամբ հաստատեց պայքարի անհրաժեշտությունը` մինչև իր տրամաբանական ավարտին հասցնելը: Բարձր ենք գնահատում բոլորիդ ավանդը` հայրենիքի ազատագրման գործում: Ձեր օրինակով դեռ շատ ու շատ սերունդներ են դաստիարակվելու, - նշեց Սուրեն Գրիգորյանը` հավելելով` ցավոք, տարեցտարի նոսրանում են Մեծ հայրենականի վետերանների շարքերում: Ուզում եմ բոլորիդ մաղթել երկարակեցություն և ամենայն բարիք: Փառք Մեծ հաղթանակը կերտած հայ զինվորին: Շնորհավոր բոլորիս գալիք Եռատոնը: Հայ ժողովրդի անցած դժվարին, պատվաբեր, փորձություններով լի ճանապարհի վերաբերյալ ելույթ ունեցավ քաղաքապետի օգնական Կառլեն Սարգսյանը` ակնածանքով նշելով. -Իրոք, գեղեցիկ ավանդույթ է դարձել Մայիսյան եռատոնի նախաշեմին նման ընդունելությունների կազմակերպումը: Մայիսը մեր ժողովրդի համար փառապանծ հաղթանակների ամիս է: 451 թվականին Տղմուտ գետի ափին, Ավարայրի դաշտում, հայ ժողովուրդը ոտքի ելավ` պաշտպանելու իր ինքնությունը: 1918 թվականի մայիսի 26-ից 28-ն էր, երբ մեր ժողովուրդը Բաշ Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի պատերազմներում իր մեծագույն ճակատն ունեցավ: 1918թ.-ին էր, որ ստեղծվեց Հայաստանի առաջին անկախ պետությունը: Մայիսին էր, եր Հայրենական պատերազմում մեր ժողովուրդը հաղթանակ ունեցավ: Վերջապես, մայիսին էր, երբ ազատագրվեց մեր հնամենի Շուշին, ստեղծվեց Արցախի Պաշտպանության բանակը: Էլ որ ժողովուրդը կարող է մեկ ամսում ունենալ այսքան հաղթանակներ: Իհարկե, միայն ու միայն հայ ժողովուրդը: Ես ուզում եմ հաղթանակների այս մեծ շղթայից անդրադառնալ Հայրենական պատերազմի հաղթանակին: 74 երկար ու ձիգ տարիներ են անցել, երբ հիտլերյան Գերմանիան ետ շպրտվեց նախկին Խորհրդային Միության սահմաններից: Այս գործում իր նշանակալից ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը: Անցած 74 տարիները շատ բան տվեցին այս երկրին: Այսօր Մեծ Հայրենականի երախտավորներից այստեղ ներկա են Սերգեյ Բարսեղյանը, Սերգեյ Արզումանյանը, Վաղարշակ Գրիգորյանը: Ուզում եմ բոլորիդ մաղթել առողջություն: Դեռ երկար մնացեք մեր շարքերում: Ձեր օրինակով մենք սերունդներ ենք դաստիարակել: Միգուցե ձեր օրինակով մեր սերունդն Արցախյան պատերազմում հաղթանակներ տարավ: Հայրենական Մեծ պատերազմի և աշխատանքի վետերանների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանի հավաստմամբ, Մեծ Հայրենականի արցախյան 45000 մասնակիցներից 22000-ը մնացին մարտի դաշտում: 23000-ը վերադարձան ստեղծագործ աշխատանքի: -Արցախում այժմ ողջ են Մեծ Հայրենականի 28 վետերան, նրանցից 10-ը` մայրաքաղաքում, - նշեց Սերգեյ Բարսեղյանը` հավելելով. -Խորին գոհունակությունս և ակնածանքս` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և քաղաքապետարանի ողջ աշխատակազմի նկատմամբ` ցուցաբերած մեծ ուշադրության համար: Մայիսը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակների Եռատոն է, արդարև: Ես ուզում եմ մեծարանքի խոսք հնչեցնել բոլոր նրանց հասցեին, ովքեր այսօր մեր շարքերում չեն: Մեր խոնրահումը նրանց: Փառք ու պատիվ նահատակներին, նրանց հոգիներին հանգստություն մաղթենք: Երկարատև, բուռն ծափահարություն հղենք նրանց ծնած, սնած, պահած, պատշած և գիտակցաբար հայրենիքին նվիրած մեր սիրասուն սրբություններին` մայրերին, ազգովի աղոթենք հայ մոր հավերժության համար և մաղթենք առատ պտղաբերություն` նրանց արգանդին: Շնորհավորական խոսքերով հանդես եկան նաև Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը, փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը, Արցախյան ազատամարտի կին մասնակից Զուխրա Հայրապետյանը: -Փառք Հայոց բանակին, ով մեր երկրի անվտանգության երաշխավորն է, փառք սահմանների արթուն պահապան հայ աննկուն զինվորին: Փառք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ մշտապես կանգուն մեր հաղթանակած ժողովրդին, - իր խոսքի ավարտին բարեմաղթեց քաղաքապետը: Վերջում քաղաքապետ Սուրեն Սուրեն Գրիգորյանի կողմից Արցախյան պատերազմի 13 և Մեծ Հայրենականի 10 նվիրյալներ արժանացան նվերների: Միջոցառմանը ներկա կանանց էլ շնորհավերցին` գեղեցիկ ծաղկեփնջեր:
|
< Վերադառնալ |