25.04.2019 ԳՈՏԵՊՆԴՎԵՆՔ ԵՎ ԴԻՄԱԿԱՅԵՆՔ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԵՎՍ ԽՆԿԱՐԿՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Արցախի ժողովուրդը, որ ազատագրական պայքարի շնորհիվ չենթարկվեց զանգվածային տեղահանման և ջարդերի, ու անչափ թանկ գին է վճարել անկախության և ազատության համար, ապրիլի 24-ին միասնաբար նշել է հայոց Մեծ եղեռնի տարելիցը: Իսկ օր առաջ ցեղասպանությանը զոհ գնացած անմեղ զոհերի հիշատակին` մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցված պատարագից հետո երիտասարդական, ուսանողական կազմակերպությունները մեծ ջահերթ են կազմակերպել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Առավոտից մինչ երեկո չէր դադարում դեպի մայրաքաղաքի <<Զանգակատուն>> տանող մարդկանց հոսքը: Այստեղ էին շտապում պետական այրերն ու զինվորականները, Մեծ հայրենականի ու արցախյան ազատամարտի վետերանները, մտավորականության ներկայացուցիչները,ուսանողներն ու դպրոցականները: Հրեշավոր ոճրագործությունը դատապարտող պաստառները, որ վկայում են ժողովրդի համախմբվածության և անսասան կյանքի մասին, նաև արտահայտությունն էին այն ճշմարտության, որ այլևս ցեղասպանություն թույլ չի տրվի, քանզի զգոն և մշտարթուն են Հայաստանում և Արցախում, ամբողջ հայ ժողովուրդն է այսօր բռունցքվել հանցագործ թշնամու դեմ: Ժամը 11-ին մայրաքաղաքի հասարակությանը միացան երկրի ղեկավարները` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Նրանք գլուխ խոնարհեցին 1915թ. ապրիլին մարդկության դեմ իրագործված ամենադաժան ոճրագործության` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` ծաղիկներ տեղադրելով հուշարձան-կոթողին: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հոգեհանգստի և ոգեկոչման արարողություն: Մինչև երեկո շարունակվում էր մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ նրանք իրենց բաժին ծաղիկներն էին խոնարհում և ոկեկոչում 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը: Ցեղաասպանության տարելիցի առթիվ <<Զանգակատուն>> է այցելել ու իր խոնարհումը բերել նահատակների հիշատակին նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |